«Միլիոնավոր երեխաներ զրկված են կրթություն ստանալու հնարավորությունից»
Կրթության հարցերով տարածաշրջանային ամենախոշոր նախարարական համաժողովի բացման ժամանակ համատեղ կոչ է արվել դպրոց վերադարձնել միլիոնավոր երեխաների, որոնք ներկայումս զրկված են կրթություն ստանալու հնարավորություններից: Համաժողովը մեկնարկել է այսօր Ստամբուլում:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակից հայտնում են, «Կրթություն յուրաքանչյուրի համար, հենց այսօր» գործողությունների կոչը, որը խրախուսվել է Թուրքիայի կառավարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից, ուղղված է Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի 20 պետություններին, որպեսզի բարեփոխումներ իրականացնեն կրթության համակարգում, որի արդյունքում բոլոր երեխաները, մասնավորապես առավել խոցելի և մեկուսացված խմբերի երեխաները կներգրավվեն կրթության գործընթացում:
«Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որպեսզի յուրաքանչյուր երեխա այցելի դպրոց, յուրաքանչյուր երեխայի համար հասանելի լինի վաղ կրթությունը և որպեսզի յուրաքանչյուր երեխա աջակցություն ստանա ճիշտ կառավարվող և բոլոր անհրաժեշտ ռեսուրսներով հագեցած կրթության համակարգից»,-ասված է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատականների համաձայն՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների շուրջ 2.5 միլիոն երեխաներ չեն ստանում բազային կրթություն: Նրանցից նախադպրոցական տարիքի 1.6 միլիոնը զրկված են կրթություն ստանալու հնարավորություններից ծառայությունների և անհրաժեշտ հարմարությունների խիստ պակասի հետևանքով:
«Վաղվա հասարակությունը սկսում է այսօր դպրոցներից: Մենք պետք է օգտագործենք այս պահը և համատեղ ջանքեր գործադրենք, որպեսզի վերջ դրվի երեխաներին դպրոցից և ուսումնական գործընթացից բացառելու պրակտիկային»,-նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Գործադիր տնօրենի տեղակալ Յոկա Բրանդտը: «Օգտագործելով մեր տրամադրության տակ առկա ռեսուրսները, ինչպես օրինակ նորարարական համագործակցությունը, տեխնոլոգիաներն ու քաղաքականությունները, մենք կարող ենք վստահաբար պատասխանատվություն վերցնել բոլոր երեխաների համար որակյալ կրթության հասանելիությունն ապահովելու հարցում»:
Նույնիսկ երբ երեխաները հաճախում են դպրոց, նրանցից շատերը չեն սովորում և չեն ձեռքբերում պատշաճ հմտություններ իրենց համայնքում ու աշխատաշուկայում հաջողությունների հասնելու համար: Տարածաշրջանում 15 տարեկան աշակերտների մոտ կեսի գիտելիքները չեն համապատասխանում բնական գիտությունների, մաթեմատիկայի և ընթերցանության անհրաժեշտ չափանիշներին:
Ամենամեկուսացված երեխաների թվին են պատկանում հաշմանդամություն ունեցող երեխաները, էթնիկական և լեզվական փոքրամասնությունները, ամենաղքատ ընտանիքների երեխաները, գյուղական վայրերի, միգրանտների ընտանիքների երեխաներն ու աշխատող երեխաները:
Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ առանց հիմնարար ջանքերի, իրական վտանգ կա, որ պետություններին չի հաջողվի մինչև 2015 թվականը նվաճել Հազարամյակի զարգացման նպատակներից համընդհանուր տարրական կրթության նպատակը:
Դեկտեմբերի 13-ին, ուրբաթ օրը, իրենց աշխատանքները կավարտեն համաժողովի մասնակիցները, որոնց թվում են նախարարներ, փոխնախարարներ և կրթության, քաղաքացիական և սոցիալական հարցերի, ֆինանսների և սոցիալական պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև փորձագետներ, խորհրդարանականներ, քաղաքացիական հասարակության և երիտասարդների հարցերով ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա