«Բացարձակ զրպարտություն». Պոլիտեխնիկի ավագ դպրոցի տնօրենի արձագանքը
«Բացարձակ զրպարտություն»: Այսպես է բնութագրում Պոլիտեխնիկի ավագ դպրոցի տնօրեն Համլետ Մարտիրոսյանն իր և ուսումնական հաստատության վերաբերյալ նույն համալսարանի կոմպյուտերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դասախոս, դոցենտ Հայկ Մանուկյանի` «Հրապարակ» օրաթերթին ուղարկած նամակի բովանդակությունը: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տնօրենը նշեց, որ այդ նամակից հետո, որը նաև ԿԳ նախարարություն է ուղարկվել, Կրթության տեսչության կողմից ստուգումներ են կատարվում, որոնց արդյունքները պարզ կլինեն առաջիկա օրերին:
Նամակում նշվում էր, որ դպրոցում դրամահավաք է կատարվել և ծնողկոմիտեի նախագահը զանգահարել է ու 7 հազար դրամ պահանջել: Ավագ դպրոցի տնօրենը հերքում է. «Դպրոցում երբեք դրամահավաք չի եղել և չի կարող լինել: Նույնիսկ վերջին զանգի համար ես արգելում եմ գումարներ հավաքել: Մենք գործում ենք Հանրակրթության մասին օրենքի հիման վրա, որտեղ գրված է, որ միջոցները գոյանում են պետբյուջեից, ինչպես նաև` ստեղծվում են արտաբյուջետային միջոցներ, լրացուցիչ վճարովի դասընթացներ կազմակերպելու և աջակցությունների միջոցով»: Համլետ Մարտիրոսյանն ընդգծեց, որ կան ծնողներ, ովքեր, ըստ իրենց ցանկության, օգնում են դպրոցին, ներդրումներ են կատարում, բայց այդ գումարները ոչ թե իրենց անձամբ են տալիս, այլ փոխանցում են հաստատության բանկային հաշվին:
Դպրոցի տնօրենն ընդգծեց, որ իրենք կրթության որակը բարձրացնելու համար դասարանների խտությունը փոքր են արել, որտեղ դոցենտներ և դոկտորներ են պարապում` ՀՊՃՀ հետ համատեղությամբ: «Մենք աշակերտների համար խմբակներ ենք կազմակերպում, ունենք, օրինակ, ռոբոտաշինության խմբակ: Վերջինն էլ արտաբյուջետային միջոցների հաշվին է գործում»,- ասաց տնօրենը և ընգծեց, որ իրենց աշակերտները հաջողություններ են ունենում օլիմպիադաներում, ինչը ևս խմբակների, լրացուցիչ դասընթացների լավ կազմակերպման շնորհիվ է: Իսկ արտաբյուջետայհին միջոցներն էլ ձևավորվում են լրացուցիչ դասընթացների արդյունքում, որոնց աշակերտները, Համլետ Մարտիրոսյանի պնդմամբ, մասնակցում են ըստ ցանկության, և որի վարձավճարը ևս բանկի միջոցով է մուծվում:
Ինչ վերաբերում է Հայկ Մանուկյանի նամակում բարձրացված հարցին, թե իր թոռան նկատմամբ տնօրենը վատ է վարվել, Համլետ Մարտիրոսյանն այսպես է պարզաբանում. «Իր թոռը շատ լավ, նորմալ սովորող, համեստ երեխա է, մենք իրենից գոհ ենք: Ինքը համարում է, որ քանի որ բուհի աշխատակից է իր թոռանը պիտի շատ բարձր գնահատականներ դրվեն: Ես էլ իրեն բացատրել եմ, որ դասամատյաններում գնահատականներ կան դրված և պատահական թվեր չեն կարող նշանակվել»:
Նախորդիվ`
Պոլիտեխնիկում նոր սկանդալ է հասունանում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա