Հայրիկյան. Ես գիտեմ, որ հայերը չեն ուզում մեռնել, իսկ ՄՄ նշանակում է մահ
Մաքսային միություն նշանակում է մահ, 100 տոկոսով կործանում: Այս համոզմանն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով դեկտեմբերի 14-ին Ազատության հրապարակում նախատեսում է Մաքսային միության անդամակցության դեմ բողոքի ակցիա անցկացնել, ապա երթով շարժվել դեպի Բաղրամյան փողոց:
«Վաղը ահավոր վիճակ կլինի, արտագաղթը կլինի ոչ թե 100 հազարի, այլ 200-300 հազարի չափով: Դա էլ Ռուսաստանի ցանկությունն է: Ես կարծում էի անկախ Հայաստանում եմ ապրում: Ես չեմ ուզում Ռուսաստանի մեջ ապրեմ»,- Panorama.am-ին ասաց Պ. Հայրիկյանը:
ԱԻՄ առաջնորդը պնդում է, որ 20 տարի եվրոպական ուղղություն որդեգրած պետությունը չի կարող միանգամից նման որոշում կայացնել: Հայրիկյանի կարծիքով, իր հրավիրած հավաքները փոքրաքանակ են, քանի որ կազմակերպչական լուրջ աշխատանքներ չեն իրականցնում, իսկ վերջին հավաքի ժամանակ էլ եղանակն էր վատ:
«Մաքսային Միության անդամակցության կողմնակիցների թվի շատի ու քչի մասին խոսելիս մենք ունենք հասարակական կարծիքի ուսումնասիրման գիտություն: Ինչ վերաբերում է փողոց դուրս գալուն, ապա եթե Ուկրաինայի իշխանություններն ասեին ժողովրդին, գիտե՞ք մեզ լուրջ վտանգ է սպառնում, Ռուսաստանի իշխանությունները զենք են մատակարարում Լեհաստանին, որ այն հարձակվելու է Ուկրաինայի վրա, ապա Կիևում էլ մարդիկ կասեին` զգուշավոր լինենք, հանկարծ մի սխալ բան չանենք: Իսկ Հայաստանի հետ այս մասով հատուկ աշխատանք է տարվել»,- կարծիք հայտնեց Հայրիկյանը:
Վկայակոչելով ավելի վաղ կատարված հետազոտության արդյունքները, Հայրիկյանն ասաց, որ եվրոպական ուղղությունը նախընտրած քաղաքացիների թիվը 2.5 անգամ ավելի էր, քան ՄՄ անդամակցելու կողմնակիցներինը:
«Հիմա նոր հարցում են անցկացնում, հստակ տվյալներ ունենալու համար: Պալատական սոցիոլոգները մեջտեղ ընկան, բայց մի անառարկելի փաստ կա: Հիմա կարող է մեր հաստափորիկներն ու հաստավզիկները փող տան, ասեն, դուրս եկեք փողոց ու գոռացեք` մենք մաքսային միություն ենք ուզում: Բայց փաստ է, որ մինչև հիմա Եվրոպական միության դեմ ինքնաբուխ որևէ ակցիա չի եղել»,-ասաց Հայրիկյանն ու ավելացրեց, որ նույնիսկ Եվրոպական ուղղությամբ շարժվելու դեպքում վերապահումներ են պետք:
ԱԻՄ առաջնորդը հավատում է իր պայքարի հաջողությանը. «Մեր ժողովուրդը հոգեկան հիվանդների հավաքականություն չի, որ 23 դեմոկրատական երկրներին թողած, գնա 3 դիկտատորների մոտ: Հասկանո՞ւմ եք, ճնշումը շատ մեծ է մեր քաղաքացու վրա: Իսկ իմ` որպես քաղաքական գործչի խնդիրը մարդկանց օգնելն է, ոչ թե մի կողմ կանգնելը: Երբ որ մի ողջ ազգ երազում էր անկախության մասին, բայց վախենում էր փողոց դուրս գալ, ես էի չէ ընկերներիս հետ մի քանի հոգով դուրս եկել»,-ասաց Հայրիկյանը, համոզմունք հայտնելով. «Ես գիտեմ, որ հայերը չեն ուզում մեռնել»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում