«Կրեմլը դժգոհ է». Կոնստանտին Էրնստը հաջո՞րդն է
Նախօրեին ռուսաստանյան ԶԼՄ-ների թոփ նորությունը «ՌԻԱ Նովոստի» գործակալության փակումն էր:
Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրություն է ստորագրել «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության լուծարման վերաբերյալ: Նախագահի կարգադրությամբ, «Ռիա Նովոստի» գործակալության բազայի վրա ստեղծվելու է «Ռուսաստանն այսօր» ("Россия сегодня") նոր միջազգային լրատվական գործակալություն: Գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել է «Ռոսիա 1» հեռուստաընկերության հաղորդավար Դմիտրի Կիսիլյովը:
Արդեն իսկ կանխատեսումներ են հնչում, թե ինչ է սպասվում ռուսաստանյան այլ հեղինակավոր ԶԼՄ-ներին:
Այսպես, «TVrain.ru»-ի պատրաստած վերլուծական հրապարակման մեջ կանխատեսվում է, թե առաջիկայում փոփոխությունների ականատես կլինեն նաև «Առաջին ալիքի» ղեկավար կազմում:
Ըստ աղբյուրի, վերջին շրջանում շատ է շրջանառվում, որ Սոչիի օլիմպիական խաղերից հետո պաշտոնից կզրկվի «Առաջին ալիքի» գործադիր տնօրեն Կոնստանտին Էրնստը: Իբրև թե Կրեմլում այնքան էլ գոհ չեն Էրնստի վարած քաղաքականությունից, որն ուղղված կլիներ պետական շահերի պաշտպանությանը: Եվ առհասարակ` Էրնստի լիբերալ մոտեցումները չեն գոհացնում Կրեմլին: Անգամ հնչում են անուններ այդ բարձր պաշտոնը զբաղեցնելու համար` «СТС Медиа» հոլդինգի ընդամենը կես տարվա փորձ ունեցող ղեկավար Յուլիանա Սլաշևան կամ Սերգեյ Միխայլովի կինը: