Մկրտիչ Մինասյան. Մեզ մոտ պարզապես շենքեր են նախագծվում, իսկ ուղղություններ և սկզբունքներ չկան
Խոսել այսօրվա ճարտարապետական ուղղությունների մասին, տեղին չէ, կարծում է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նկատեց, որ մեզ մոտ պարզապես շենքեր են նախագծվում, իսկ ուղղություններ, ճարտարապետական ժառանգության կամ ժամանակակից ճարտարապետության սկզբունքներ, չկան:
«Շենքն առանձին կարող է լինել գեղեցիկ կամ տգեղ, բայց եթե այն տարածքի վրա չի դրված կամ այն միջավայրում չէ, դուրս է ցցվում: Եթե շենքն ընդգծված է միջավայրի մեջ, բայց շատ աչքի չի ընկնում, ավելի հաճելի է»,- ասաց Մկրտիչ Մինասյանն ու հավելեց, որ կորել է մեր վերաբերմունքը ճարտարապետության նկատմամբ:
Ըստ նրա, այս դեպքում հաճախ ոչ թե ճարտարապետներն են մեղավոր, այլ պատվիրատուն, ով ցանկանում է յուրաքանչյուր տարածքից իր համար մաքսիմում մեծ դիվիդենտներ ունենալ. «Այստեղից էլ գալիս են այսօրվա ճարտարապետական խնդիրներն ու դրանք կախված են սեփականատերերի ցանկություններից»:
Մկրտիչ Մինասյանը նկատեց, որ առայժմ պետությունը չի կարողանում կարգավորել դաշտը, և եթե սեփականատերը ձեռք է բերում տարածք, այնտեղ կարող է անել ամեն ինչ: «Մենք քիչ սխալներ կունենայինք, եթե այդքան հապճեպ չկառուցապատեինք քաղաքի կենտրոնը: Այդ փորձարկումները կարելի է անել քաղաքի արվարձաններում»,- ասաց ճարտարապետների միության նախագահը:
Նա ընդգծեց, որ մենք այսօր ճարտարապետական ուղղություն չունենք. «Մենք պետք է շենքերը հասցնենք պահանջվող սեյսմակայունության աստիճանին, շրջապատը բարեկարգենք, շենքերը, միջավայրը բերենք այնպիսի տեսքի, որ մարդու համար բարեկեցիկ կյանք ապահովվի»:
Մկրտիչ Մինասյանը հիշեց, որ նախկինում, երբ դրսից ճարտարապետներ էին գալիս, ասում էին՝ դուք գտել եք ձեր ձեռագիրը. խոսքը թամանյանական դպրոցի մասին էր. «Մենք կարող էինք դա զարգացնել ու ներկայանալ դրանով աշխարհին: Եթե մենք ուզում էինք ճարտարապետական երկիր լինել, մենք պետք է գնայինք այդ ուղով»: