Շարունակում ենք տարերայնորեն ապրել և գործել, ի՞նչն է մեզ ավելի հուզում, քան ազգային մշակույթը. Թովմաս Պողոսյան
Այսօր սերունդը բաժանված է երկու մեծ զանգվածների, երկփեղկված է: Մի զանգվածը, որ թվաքանակով, թերևս, զիջում է, ավելի մոտ է ազգային արժեքներին, հույս է ներշնչում, որ վաղն ավելի ապահով ձեռքերում է լինելու: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, Սայաթ-Նովա մշակութային միության հիմնադիր Թովմաս Պողոսյանը:
«Տաղանդավոր սերունդ է, որը մերձ է ազգային արմատներին, տիրապետում է աշխարհի առաջադիմական գիտության նվաճումներին… Դրա կողքին ունենք մի ավելի մեծ զանգված, որն ապրում է անարժեք, ազգայինից հեռու, ողորմելի երևույթներով, փրփուրներով: Այսօր եթերը հաճախ հեղեղվում է` հագուրդ տալով այդ զանգվածներին ու ընկնելով վարկանիշի հետևից: Զավեշտ է»,- ասաց նա:
Ըստ ժողովրդական արտիստի, այսօր օդ ու ջրի նման անհրաժեշտ է ազգային մշակույթի պետական քաղաքականությունը. «Ես չեմ տեսնում ազգային մշակույթի պետական քաղաքականության ծրագիր: Ինչո՞վ ենք ապրում, ո՞ւր ենք գնում, ինչի՞ն ենք ծառայում: Ի՞նչն է մեզ ավելի հուզում, քան ազգային մշակույթը: Զավեշտ է, որ մի քոսոտ անեկդոտների բրոշյուր հրատարակվում է հազարներով և սպառվում, բայց հանկարծ գրախանություներում տեսնում եմ մեր դասականների գրքերը` շատ համեստ տպաքանակով տպված, որ մնում են դարակներում: Այսօրվա երիտասարդը բավարար չափով չի ճանաչում ոչ Սայաթ-Նովային, ոչ Չարենցին, ոչ Թումանյանին»:
Թովմաս Պողոսյանը նկատեց, որ դարերի ընթացքում մենք շատ հաճախ հայ մշակույթը տարերայնորեն, դառը օրերով ենք պահել, առանձին անհատների ուսերին. «Այսօր, երբ առանձին պետություն ենք, պետականություն, շարունակում ենք տարերայնորեն ապրել և գործել»:
Կարդացեք նաև`
«Երիտասարդությանը հին բանաձևերով ազգային մշակույթին կապել, մեծ հաշվով, հնարավոր չէ»