Hurriyet-ը` Դավութօղլուի երևանյան այցի և քննարկելիք թեմաների մասին
Դեկտեմբերի 12-ին կայանալիք Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի երևանյան այցի ծրագրում ոչ մի փոփոխություն չի կատարվել: Այդ մասին հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը` իր կայքում հրապարակված նյութը վերնագրելով ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի` օրերս հնչեցրած խոսքերի հետևյալ հատվածը` «Դավութօղլուն թող այցելի Ցեղասպանության հուշահամալիր»:
Նշվում է, որ, ըստ նախատեսված կարգի, Դավութօղլուն կմեկնի Երևան, կմասնակցի «Սևծովյան տնտեսական համագործակցություն» (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների նիստին:
«Արդեն սկսվել են Հայաստանի իր պաշտոնակցի հետ տեղի ունենալիք հանդիպման համար նախապատրաստական աշխատանքները: Սպասվում է, որ այդ հանդիպմանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ծագած ղարաբաղյան հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի հետ միասին կքքնարկվի նաև ցյուրիխյան արձանագրությունների վերակենդանացման հարցը»,- գրում է «Հյուրրիյեթ»-ը: