ՀՀ Գլխավոր դատախազը Պաշտպանին առաջարկել է առնվազն մեկ փաստ ներկայացնել դատախազությանը. Նամակ` ՄԻՊ-ին
Հայաստանի Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նամակ է ուղարկել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: Նամակում ասվում է հետևյալը.
«Հարգելի պարոն Անդրեասյան,
ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ Ձեր արտահերթ զեկույցը: Զեկույցում բարձրացված հարցերը, ներկայացված ուսումնասիրությունները և եզրահանգումները լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Զեկույցը, անկասկած, հարցեր և ակնկալիքներ է առաջացնելու նաև լայն հասարակության շրջանում: Հիմնական հարցը, որ վստահաբար առաջանալու է հասարակության շրջանում լինելու է` թե ի՞նչ է քայլեր են ձեռնարկվելու Ձեր զեկույցի հիման վրա:
ՀՀ գլխավոր դատախազությունը օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում պարտավոր և պատրաստակամ է քրեական գործ հարուցել օրենսդրությամբ նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում:
Այս կապակցությամբ անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացվի Ձեր զեկույցում արված եզրահանգումների հիմքում դրված առնվազն մեկ փաստ, որը կարող է քրեական գործի հարուցման համար բավարար հիմք հանդիսանալ: Առանց նման մեկ փաստի, զուտ ուսումնասիրությունների հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազությունը հնարավորություն չի ունենա պատշաճ ընթացք տալ Ձեր զեկույցում բարձրացված մտահոգիչ հարցերին, որոնք, առերևույթ, պարունակում են հանցագործության հատկանիշներ:
Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկում եմ Ձեր զեկույցում ներկայացված եզրահանգումները հիմնավորող առնվազն մեկ փաստ փոխանցել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ քրեական դատավարությամբ նախատեսված պատշաճ ընթացքն ապահովելու համար:
Ընդ որում, հաշվի առնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի առանձնահատկությունները, բարձրացված հարցերի կարևորությունը և նման փաստ ներկայացնող անձի իրավաչափ ակնկալիքը` չբացահայտելու իր ինքնությունը, ՀՀ գլխավոր դատախազությունը երաշխավորում է, որ այդ անձի նկատմամբ կկիրառվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.1 հոդվածով նախատեսված անհրաժեշտ և արդյունավետ պաշտպանության միջոցներ
Հարգանքով՝ Գ. Ս. Կոստանյան»:
Նախորդող հրապարակումներ.
Վճռաբեկ դատարանում կաշառքի չափը հասնում է 50 հազար ԱՄՆ դոլարի. ՄԻՊ արտահերթ զեկույց (տեսանյութ)
Ում, ինչպես և դատական որ փուլում են կաշառք տալիս դատավորներին. Պաշտպանի սենսացիոն բացահայտումը (Տեսանյութ)
Ովքեր են ամենասիրված ու ամենաչսիրված դատավորները
ՄԻՊ-ը կանխակալ վերաբերմունք է քարոզում դատարանների հանդեպ. Արսեն Բաբայան