Բաքվում Իրանի դեսպանությունը ադրբեջանցի պատգամավորին հորդորում է դասեր քաղել Սադդամ Հուսեյնի ճակատագրից
«Բաքվում Իրանի դեսպանությունը քննադատել է ադրբեջանցի պատգամավորի հակաիրանական հայտարարությունը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանում Իրանի դեսպանության մամլո խոսնակ Սեյյեդ Մոհամմադ Այաթոլլահին, «ԻՍՆԱ»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ռաֆայել Հուսեյնովի՝ հակաիրանական հայտարարությանը, մասնավորապես նշել է. «Այն անձինք, որոնք Իրանի նկատմամբ անհիմն մտքեր են արտահայտում, պետք է Սադդամ Հուսեյնի ճակատագրից դասեր քաղեն»:
Շարունակելով թեման՝ իրանական աղբյուրի մեկնաբանը հավելում է. «Ռաֆայել Հուսեյնովը ադրբեջանական «525» պարբերականում թողարկված հոդվածում Իրանի վերաբերյալ ստոր և անջատողական բնույթի մտքեր է արտահայտել՝ կասկածի տակ դնելով Իրանի տարածքային ամբողջականությունը»:
Հավելենք, որ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաք Այինը, օրերս «Էսլամին սեսի» լրատվական կայքին տված հարցազրույցում, մտահոգություն հայտնելով հակաիրանական բովանդակությամբ կազմակերպվող կոնֆերանսների առնչությամբ, մասնավորապես նշել է. «Նախորդ ամիս Ստամբուլում կոնֆերանս է կազմակերպվել, որտեղ Իրանի կազմաքանդման վերաբերյալ տեղի են ունեցել քննարկումներ: Հակաիրանական ուղղվածությամբ սույն կոնֆերանսին մասնակցել են նաև Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում