«Բաքու. կյանքն` ինչպես Բանգլադեշում, արտաքին տեսքը` ինչպես Դուբայում»
Ավտոմեքենայի պատուհանից Բաքվի կենտրոնը հրաշալի տեսք ունի`բարձրահարկ շենքերով և լուսավորությամբ, սակայն երբ մի քիչ հեռանում ես կենտրոնից, ամբողջովին այլ տեսարան է բացվում` քարուքանդ վիճակ, աղքատություն, հիասթափություն. Այս նկարագրությունը «Բաքու. կյանքն` ինչպես Բանգլադեշում, արտաքին տեսքը` ինչպես Դուբայում» հոդվածում է` հրատարակված «Հաքքին.ազ» ադրբեջանական կայքում:
Հեղինակը նշում է, որ զբոսաշրջիկները գալիս են Ադրբեջան հանգստանալու, ոչ թե տխրելու, այդ պատճառով էլ երկրի վատ կողմերը չեն տեսնում. Բաքվի վերածնունդն իր տեսակի մեջ նորարարություն չէ և դաս է արագորեն զարգացող երկրների համար, թե ինչպես պետք է կառուցել քաղաքը, որ այն գեղեցիկ երևա մեքենայի պատուհանից. Բարձրահարկ շենքերը ողողված են լույսերով, ծածանվում է հսկայական դրոշը, փայլփլում է «սատանայի անիվը»:
«Բաքուն գեղեցիկ է, եթե… Ահա այս «եթե»-ի համար մենք ուղևորվեցինք կենտրոնից ոչ հեռու գտնվող, հենց Ազգային դրոշի հրապարակին կից մի թաղամաս: Մեր առջև բացվեց ամբողջովին այլ տեսարան: Այն նման չէր քաղաքի կենտրոնին ոչ տեսքով, ոչ էլ բովանդակությամբ: Այնտեղ տիրում էր քարուքանդ վիճակ, աղքատություն և հուսահատություն»,- ասվում է հոդվածում:
Բաիլովո կամ «Շանհայ» գյուղի (ինչպես այն անվանում են բաքվեցիները) 20-րդ թաղամասում նույնպես մարդիկ են ապրում, նրանք նույնպես ընտանիքներ ունեն, նրանք էլ գլխին տանիք ունենալու կարիք ունեն.«Այս թաղամասում տների մեծ մասը անօրինական է կառուցվել և քանդելու ենթակա է, սակայն ոչ ոք դրանով չի զբաղվում: Չնայած ինչու՞ պետք է զբաղվեն, ի ՞ նչ է անելու պետությունը այդ տարածքի հետ: Օլիգարխները արդեն իրենց տարածքներն ունեն, որտեղ արդեն բազմաթիվ առանձնատներ են կառուցվել` դեպի քաղաք բացվող հիանալի տեսարանով, դե, գրեթե հիանալի, եթե միայն գլուխները չթեքեն մյուս կողմ», - ասվում է հոդվածում:
«Մի փոքրիկ տղա գոռում է մեզ վրա` «Ինչու՞ ես ինձ նկարում»,- և հարվածում է ինձ բռունցքներով: Նրա համար տեսախցիկը ծաղրանքի միջոց է: Ոչ ոք այստեղ չի ուզում, որ իմանան, թե ինչպես են իրենք ապրում: Եվ ոչ ոք էլ չգիտի: Կարելի՞ է արդյոք պատկերացնել, որ երբևէ Բաիլովոյի նկարները կհայտնվեն ճամփորդական ուղեցույցներում, և այստեղ հաճախ կգան զբոսաշրջային ավտոբուսներ, իսկ մուտքի մոտ կվաճառվեն հուշանվերներ…ուղղակի ծիծաղելի է»,- ընդգծում է հեղինակը:
Կոպենհագենի նման քաղաք այցելելիս, ավելի շատ հիանում ես ոչ թե քաղաքի գեղեցկությամբ, այլ նրանով, որ այդ գեղեցկությունը քեզ ուղեկցում է ճանապարհորդության ողջ ընթացքում: Նույնպիսի քաղաք է նաև Թբիլիսին, եթե նույնիսկ ոչ միշտ կոկիկ և մաքուր: Իսկ Բաքվի կենտրոնում բացվում է Դուբայի տեսարանը` բարձրահարկ շենքեր, առևտրի ճոխ սրահներ, բարեկարգ ճանապարհներ, իսկ ծայրամասում Բանգլադեշն է` աղբանոցներ, առանց որևէ հարմարությունների կիսաքանդ տներ, իրենց կյանքն ապրած մեքենաներ, որոնք հրաշքով են աշխատում, և ամենակարևորը` մարդիկ, ում աչքերում միայն հուսահատություն ես տեսնում: Ընդ որում մեքենայով գնալու կարիք էլ չկա, այդ ամենը կարելի է տեսնել նույնիսկ ոտքով քայլելիս, ուղղակի պետք է մտնել մի որևէ փոքրիկ շենքի բակ: Համեմատության դեպքում ամբողջ պատկերը հասկանալի է դառնում, - գրում է հեղինակը:
Նշվում է, թե ԱզԴրամայի հետ միևնույն փողոցում գտնվող «խրուշյովկա» շենքի արտաքին տեսքը բարելավվել է, սակայն այդ շենքում ապրող մարդկանց կյանքը հետընթաց է ապրել: Այժմ նրանք ունեն էժանագին պլաստիկ պատուհաններ, որոնք տեղադրվել են պետության հաշվին և որոնք բացարձակապես չեն պաշտպանում աղմուկից: Բնակիչները գիշերով ստիպված են լսել թե շատրվանների, թե մեքենաների և թե հարբած մարդկանց վեճերի աղմուկը: Լուսարձակները, որոնք լուսավորում են շենքը մինչև գիշերվա երկուսը, անհանգստացնում են կիսաքուն բնակիչներին: Բակերը նույնպես բարեկարգված չեն:
«Ես կարծում եմ, որ պաշտոնյաները նույնիսկ չեն էլ մտածել հոգալ իրենց իսկ քաղաքացիների մասին, մտածելով ` նրանք արդեն գեղեցիկ տեսքով շենքում են ապրում, թող ուրախանան: Հիմնական նպատակը քաղաքը գեղեցիկ դարձնելն է նրանց համար, ովքեր նայում են ավտոմեքենայի պատուհանից: Նախագահական ընտրությունների ժամանակ քաղաքում ընթացող դիտորդական առաքելություններ իրականացնող կազմակերպությունների մի քանի մեքենա տեսա, այդ թվում ԵԱՀԿ-ինը : Նրանց բոլորի մեքենաները մուգ ապակիներով էին: Ես նույնիսկ չեմ խոսում այն մասին, որ այդպիսի ապակիները արգելված են: Ո՞րն էր նպատակը, որ իրենց չտեսնե ՞ ն, թե՞ իրենք քիչ բան տեսնեն: Լավ հարց է, չնայած ԺՄՀԻԳ-ի պրպտողները միևնույնն է հարկ եղածից շատ էին տեսել, բայց սա արդեն մեկ այլ պատմություն է», - ասվում է հոդվածում:
Բաքվի օդանավակայանից դեպի քաղաք տանող ճանապարհին բարձր պատը այցելուններից թաքցնում է իրականությունը: Այդպիսի «զարդանախշ դարպասներ» կան նաև Ադրբեջանի այլ շրջանների քաղաքներում:
«Կցանկանայի նայել այն մարդու աչքերին, ով այդ ամենը հորինել է, չնայած դժվար թե ստացվի: Այդ մարդը վաղուց է մահացել, և նրան անվանել են Գրիգորի Ալեքսանդրովիչ Պոտյոմկին: Գլուխը խոնարհելով թե տեղական, և թե արտասահմանյան կայսրերի առաջ` նա զբաղվում էր արտաքին զարդարանքով` առանց խնդիրներին իրական լուծումներ տալու: Այս մարդը օրինակ է ծառայել ամբողջ երկրի համար: Շատ շնորհակալություն, այդ օրինակը մենք շատ լավ ենք ընկալել»,- ընդգծում է հեղինակը: