««Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախագահը Արա Կիրակոսյանը ձերբակալվել է»
«Ժողովուրդ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ «Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանին կալանավորել են: Արդեն երկար ժամանակ է, ինչ պարբերաբար լուրեր են պտտվում «Հայբիզնեսբանկ»-ի շուրջ առ այն, որ բանկը խնդիրներ ունի, և այդ հարցով ակտիվ գործունեություն են ծավալում իրավապահները։
Հիշեցնենք՝դեռևս այս տարվա մարտի 28-ին «ժողովուրդ»–ը գրել էր, որ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանի եղբայր Հակոբ Հովսեփյանը բանակցություններ էր վարում «Հայբիզնեսբանկ»-ի հետ՝ այն ձեռք բերելու նպատակահարմարության շուրջ։ Եվ ահա, ինչպես պարզվում է, «շաբաթն ուրբաթից շուտ է եկել»։
Թերթին հասած տեղեկությունների համաձայն, երբ Հովիկ Հովսեփյանի եղբայրը սկսել է բանկի գնման գործընթացը, նախևառաջ աուդիտորական կազմակերպության միջոցով փորձել է պարզել, թե ինչ իրավիճակ է բանկում։ Աուդիտորների այդ գործունեության արդյունքում ի հայտ է եկել, որ բանկը, մեղմ ասած, կանգնած է ֆինանսական լուրջ խնդիրների առջև։ Աուդիտորներն ամիսների իրենց աշխատանքի ընթացքում պարզել են, որ «Հայբիզնեսբանկ»–ի վարչության նախագահ Արա Կիրակոսյանը 100-ավոր միլիոնի հասնող ֆինանսական կորուստներ է տվել, ավելին՝ եղել են աշխատակիցներ, որոնք ինչ-ինչ մարդկանց առանց գրավի վարկեր են տրամադրել, և դա էլ դեռ քիչ չէ, բանկի որոշ աշխատակիցներ բանկի փողերով գնացել են խաղատուն և մսխել այն։
Այս ամենը պարզելուց հետո Հակոբ Հովսեփյանը կարծես թե հրաժարվել է «Հայբիզնեսբանկ»–ը գնելու մտքից։ Փոխարենը բանկով սկսել են զբաղվել սեփականատերերը՝ այնտեղ առկա իրավիճակի մասին տեղյակ պահելով իրավապահներին։ Մեզ հասած տեղեկություններով՝ նախորդ շաբաթ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից Արա Կիրակոսյանը ձերբակալվել է, իսկ ավելի ուշ դատարանի կողմից կայացված որոշման հիման վրա կալանավորվել։ Իսկ թե կոնկրետ ինչ հոդված է նրան առաջադրվել, և որն է նրա մեղքը, ԱԱԾ-ից առայժմ չեն հայտնում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: