Կիրո Մանոյան. Ոչ մի սպասելիք չունեմ Դավութօղլուի այցից
«Ոչինչ: Ոչ մի սպասելիք չունեմ Դավութօղլուի այցից, քանի որ սա իրականում Երևան այց չի, պարզապես Երևանում կայացող ժողովի մասնակցություն է»,- ասուլիում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Նշենք, որ Երևանում վաղը տեղի կունենա Սևծովյան Տնտեսական համագործակցության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանը, որի շրջանակներում Հայաստան է գալու նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ա. Դավութօղլուն:
Ըստ Կ. Մանոյանի, նա համաձայնվել է գալ Հայաստան` ցույց տալու, որ հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ գործընթաց կա, առհասարակ` Թուրքիան փորձում է տպավորություն ստեղծել, որ Ա. Դավութօղլուն պաշտոնական այցով է գալիս Երևան ու ինչ-որ բան պետք է ակնկալել հայ-թուրքական հարաբերություններում: «Մինչդեռ նման ակնկալիքի հիմք չկա, գալիս է Երևան ժողովի մասնակցելու համար»,- կրկնեց ՀՅԴ-ական գործիչը` ընդգծելով, որ Թուրքիան իր թշնամական կեցվածքը հայ ժողովրդի նկատմամբ չի փոխել, սակայն մինչև 2015 թվականը թուրքական մամուլը պարբերաբար ապատեղակատվություն է տարածելու, որ հայ-թուրքական հարաբերություններում գործընթաց է ընթանում:
«Հայաստանի հետ գործընթացը չկա այն օրվանից, երբ թուրքրեը կասեցրեցին հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը: Թուրքիան ցանկություն չունի շարունակել այդ գործընթացը, ուղղակի ուզում է տպավորություն ստեղծել, որպեսզի բոլորը հասկանան, որ նման գործընթացները շարունակվում են: Որպեսզի բոլորը հասկանան, որ նման բան չկա, Հայաստանը պետք է հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչի, սեղանին դնի նախագիծ, որտեղ իսկապես որևէ նախապայման դրված չի լինի»,- ասաց Կիրո Մանոյանը:
Նշենք, որ Ա. Դավութօղլու այցի կապակցությամբ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և երիտասարդական միությունները նախաձեռնելու է են բողոքի ցույց Թուրքիայի և համաշխարհային հանրությանը հիշեցնելու, որ պահանջում են ճանաչում և հատուցում: «Ճիշտ չէր լինի, որ Թուրքիայից նման բարձրաստիճան պաշտոնյա գար Հայաստան ու մենք անտարբեր լինեինք»,- ասաց Կ. Մանոյանը: