«Որքան շատ բարերարներ լինեն, այնքան «Նոր Հալեպ» թաղամասի բնակարանների արժեքը կարող է նվազել»
Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանի և Հայաստանում ապաստանած սիրիահայերի մասնակցությամբ հանդիպում տեղի կունենա, որի ընթացքում կներկայացվեն «Նոր Հալեպ» թաղամասի ամբողջականացված հատակագիծն ու ճարտարապետական լուծումները:
«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ նախագահ Լենա Հալաջյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ հանդիպմանը կտրվեն նաև մի շարք հարցերի պատասխաններ, որոնք մինչ օրս չեն հստակեցվել:
Նա ընդգծեց, որ պետությունն ամենակարևոր` հողատարածքի հարցը լուծել է, այն գրանցված է ՀԿ-ի անունով. «Երկրաբանական անցքերը պատրաստ են, քարտեզն ու մակետը` ևս: Ունենք նվիրաբերողներ, ես մեծ ուրախությամբ կուզեմ նշել, որ այն բոլոր գումարները, որ ներդրվել են «Նոր Հալեպ» ծրագրում, հայաստանաբնակ բարերարների կողմից են: Ես օգնության համար շնորհակալ եմ թե Սփյուռքին, թե Հայաստանին»:
Լենա Հալաջյանի բնորոշմամբ, «Նոր Հալեպը» միայն սիրիահայերին աջակցության ծրագիր չէ, այն, ըստ նրա, հայրենադարձության, հայրենիքն ամրապնդելու ծրագիր է: «Երբ որ նոր շունչ, նոր եռանդ, նոր համայնք է գալիս, դրական ազդեցություն կունենա»,- ասաց նա:
Մինչ այսօր կազմակերպությունը 630 ընտանիքի դիմումներն է ընդունել: Անցնում են հաջորդ փուլին, ընտանիքները պետք է պայմանագիր կնքեն, գումարի որոշ մասը վճարեն, որպեսզի ծրագիրը շարունակվի: Այս պահին նշվում է, որ բնակարանի մեկ քառակուսի մետրը 500 դոլար արժե, բայց, ինչպես Լենա Հալաջյանն է նշում, որքան շատ բարերարներ լինեն, այնքան գումարը կարող է նվազել:
«Հողն արդեն մեր ՀԿ անունով է գրանցված և գումարները դրա հաշվին են գալիս: Ովքեր, որ թերահավատորեն են մոտենում, կուզենամ նշել, որ պետությունը միմիայն օժանդակում է, ամեն հարցով իր բաժին օգնությունը ցուցաբերում է, իսկ տնօրինությունը մեզ է թողնված»,- ասաց Լենա Հալաջյանը:
Նշենք, որ այսօրվա հանդիպմանը կմասնակցեն այն սիրիահայերը, որոնք ցանկություն են հայտնել և հաշվառվել են թաղամասում բնակարաններ ձեռք բերելու համար:
«Նոր Հալեպ» թաղամասի հատակագծի հեղինակներն են Ճարտարապետների համահայկական ընկերակցության համանախագահներ Վահե և Գոհար Թութունջյանները, ովքեր կներկայացնեն «Նոր Հալեպ» թաղամասի արդիական և միջազգային չափանիշներին համապատասխան հատակագծի ճարտարապետական լուծումները:
Նախորդիվ`
Ճարտարապետը ներկայացրել է Նոր Հալեպ թաղամասի ամբողջականացված հատակագիծն ու լուծումները
Սկսվել են «Նոր Հալեպ» թաղամասի տեղանքի ուսումնասիրման աշխատանքները
«Նոր Հալեպ»-ում հաջորդ աշնանը տասնյակ բնակարանամուտ կտոնվի
«Նոր Հալեպ» թաղամասի համար հատկացվել է 4.8 հա տարածք. Աշխատանքները պետք է արագացվեն
Շուրջ 300 սիրիահայ ընտանիք ցանկանում են բնակարան ձեռք բերել «Նոր Հալեպ» բնակելի թաղամասում