Նախատոնական սթրեսներ. Հոգեբանը խորհուրդ է տալիս ուշադրություն չդարձնել` ում սեղանին ինչ կա
Տոներին ընդառաջ մարդիկ լարված դես ու դեն են ընկնում` շատ ժամանակ ուշադրություն դարձնելով ոչ թե լավ ժամանց ապահովելու այլ սեղանը տարատեսակ ուտելիքներով բեռնելու վրա:
«Գոյություն ունի նախատոնական սթրես կոչված երևույթը: Ինչքան ավելի նշանակալից է տվյալ տոնը տվյալ մարդու, հասարակության համար, սթրեսն ավելի մեծ է: Նոր տարվան ընդառաջ նույնպես մարդիկ սթրեսներ են տանում, բայց դրանք առաջ են գալիս դրական ազդեցության տակ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը: Ըստ նրա, շատ բան կախված է, թե ինչպես է մարդ պատրաստվում անցկացնել տոնական օրերը:
Հոգեբանի խոսքով, այսօր հայերը շատ են հեռացել Նոր տարին դիմավորելու, տոնելու ավանդական մոտեցումներից, որոնք եղել են շատ ավելի համեստ:
«Տարեցտարի շեշտը դրվում է ցուցադրական կողմերի, գերճոխ սեղան ունենալու վրա, որը հաճախ դառնում է հիստերիկ ցուցամոլություն: Բոլորն էլ ցանկանում են, որ իրենց սեղանները ճոխ լինեն, բայց կարևորն այն է, որ տոնը հաճույք պատճառի մարդկանց, տոնական օրերին մարդ ունենա լավ տրամադրություն»,- ասաց Կ. Նալչաջյանը:
Ըստ նրա, գնալով շատանում են դժգոհությունները՝ «թե շուտով էլի Նոր տարի է գալու», իսկ դժգոհությունների հիմնական պատճառը, հոգեբանի դիտարկմամբ, այն մտածմունքն է, որ էլի չարչարվելու են, էլի հոգնելու են. «Չնայած այդ դժգոհություններին, մարդիկ անում են, տոնում են: Տնային տնտեսուհիները սովորաբար նոր տարին դիմավորում են հոգնած, իրենց կարգի չբերած»:
Կարինե Նալչաջյանը խորհուրդ տվեց տարին դիմավորել անհոգ մթնոլորտում, կարևորություն չտալով՝ թե ում սեղանին կա ինչ-որ բան, որը չկա իր սեղանին: