Արցախի նախագահը մասնակցել է Մոնսերատ Կաբալյեի ալբոմի շնորհանդեսին. «Իրադարձությունը պատմական է Արցախի համար»
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին Փարիզ քաղաքում մասնակցել է Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան և Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ այդ իրադարձությունը պատմական է Արցախի համար՝ հավելելով, որ Մոնսերատ Կաբալյեն շարունակում է պատմական քրիստոնյա քարոզիչների առաքելությունը՝ բարձր արվեստի միջոցով ոչ միայն Արցախն աշխարհին ներկայացնելով, այլև յուրօրինակ կոչ հղելով մարդկությանը՝ պահպանելու քրիստոնեական արժեքները:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել աշխարհահռչակ երգչուհուն և բոլոր նրանց, ովքեր մասնակցել են նախագծի իրականացմանը՝ ընդգծելով, որ դա անկեղծ բարեկամության լավագույն դրսեւորումներից է:
Միջոցառմանը մասնակցում էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Շվեյցարիայում և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպաններ Շարլ Ազնավուրն ու Վիգեն Չիթեչյանը, Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, Ֆրանսիայի խորհրդարանի մի խումբ անդամներ, ԼՂՀ և ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, համաշխարհային աստղեր, հայ ազգային բարերարներ, ներկայացուցիչներ Սփյուռքից:
Նախորդող հրապարակում՝
Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան և Արցախ. Քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը` Փարիզում