Դավութօղլուն թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ գնահատել է իր երևանյան այցը
Սևծովյան տնտեսական համագործակցություն (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 29-րդ նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հանդիպել էր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպումը տևել էր ավելի քան մեկ ժամ, լրատվամիջոցների համար` դռնփակ: Իսկ դրանից հետո Դավութօղլուն հրավիրել էր մամուլի ասուլիս բացառապես Թուրքիայից ժամանած լրագրողների համար:
Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի, Թուրքիայի արտգործնախարարը կարևորել է ՍԾՏՀ-ի երևանյան ժողովը սևծովյան տարածաշրջանում բարօրության և կայունության ապահովման հարցում ունեցած նշանակալի դերի համար:
Նա կարևորել է նաև իր երևանյան այցը. ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ 4 տարվա դադարից հետո Հայաստան է այցելել Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը: 2009 թվականին Երևանում էր Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Ալի Բաբաջանը: Իսկ նրանից առաջ նման մակարդակի ոչ մի այց չէր եղել:
«Ահա թե ինչու կարելի է համարել, որ մեր այս այցը հատուկ նշանակություն ուներ: Տևական դադարից հետո առաջին անգամ պրն Նալբանդյանի հետ երկար խորհրդակցության հնարավորություն եղավ»:
Մեկնաբանելով հայ պաշտոնակցի հետ ունեցած հանդիպումը` Դավութօղլուն տեղեկացրել է, որ ՀՀ արտգործանախարարի հետ քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ տարածաշրջանային հեռանկարներին վերաբերող հարցերի շրջանակ:
«Հանդիպումն անցավ չափազանց ջերմ և անկեղծ մթնոլորտում: Իհարկե, այս տեսակ շփումներում միանգամից հարցերն ամբողջությամբ չեն լուծվում, բայց առանց նման հանդիպումների, առանց երկխոսության, առանց սրտաբաց զրույցի առհասարակ անհնար կլինի ակնկալել որևէ հարցի լուծում: Հանդիպումը հոգեբանական շեմի հաղթահարման և մոտեցումների փոխադարձ ճշգրտման առումով մեծ կարևորություն ունեցավ և այդ տեսանկյունից օգտակար եղավ»:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ Խորհրդային Միության անկումից հետո Հայաստանը և Թուրքիան իսկույն դիվանագիտական կապեր են հաստատել, ճանաչելով միմյանց պետականությունը, իսկ հայ և թուրք ժողովուրդները երկար ժամանակ միասին են ապրել:
Այժմ, ըստ Դավութօղլուի, Անկարան ցանկանում է, որ հայ-թուրքական հարաբերությունները լինեն ամենաբարձր և ամենալավ մակարդակի վրա, ինչպես մյուս հարևանների դեպքում է:
«Մենք ցանկանում ենք, որ հայ և թուրք ժողովուրդները որտեղ էլ լինեն, նորից փոխըմբռնեն իրար, մեր համատեղ պատմության դրական և բացասական տպավորություններով անկեղծորեն կիսվեն և մտնեն բարեկամական նոր հարաբերության մեջ: Կովկասում հաստատուն խաղաղության և կայունության ձևավորումն էական է, որ լինի երկու երկրների հարաբերություններին զուգահեռ»:
Թուրքիայի արտգործնախարարը նաև ցանկություն է հայտնել, որ սառը պատերազմի ժամանակաշրջանից ժառանգություն մնացած սառեցված ճգնաժամերը համատեղ ուժերով հաղթահարվեն թե Կովկասում և թե Բալկաններում:
«Այդ իմաստով Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի միջև արդեն շատ լայն համագործակցության հնարավորություններ ենք զարգացրել: Կցանկանայինք, որ Հայաստանն էլ սառեցված ճգնաժամերի հաղթահարման արդյունքում մաս կազմեր տնտեսական նախագծերին և լիներ կարևոր բաղադրիչ»,- ասել է Դավութօղլուն:
Վերջինս հերքել է թուրքական մամուլի կողմից օրերս տարածված այն լուրերը, թե Անկարան Դավութօղլուի միջոցով պատրաստվում է Երևանին առաջարկ փոխանցել Ղարաբաղի 7 շրջաններից 2-ից հայկական զինուժի դուրսբերման դիմաց հայ-թուրքական սահմանը բացելու մասին: Այդ տեղեկությունը Դավութօղլուն համարել է ստահոդ և բնութագրել որպես սպեկուլացիա (շահարկում):
«Նախևառաջ կուզեմ հստակ պնդել,, որ իմ բերանից նման բան չի հնչել: Թուրքիայի արտգործնախարարության որևէ այլ պաշտոնյա այդպիսի ստույգ իմաստով առաջարկի մասին չի հայտնել ոչ մի լրատվամիջոցի ոչ մի ձևով, երբեք նման թեմա չի բերվել օրակարգ: Թուրքական մամուլում և որպես դրա ռեակցիա հայկական մամուլում շրջանառվող նմանօրինակ լուրերը կամ մեկնաբանությունները որևէ առողջ հիմք չունեն: Այդ ամենը սպեկուլացիա է»,- պարզաբանել է թուրք նախարարը` ընդգծելով, որ իրենց առաջնահերթ նպատակը եղել է երկխոսությունը և հանդիպման մթնոլորտի առողջ հոգեբանական հողի ձևավորումը, քանի որ այդ դեպքում միայն ամեն տեսակ կառուցողական գաղափարներ կկարողանան օրակարգ գալ, ամեն տեսակ մտքեր հնարավոր կլինի քննարկել: