«Կին» փառատոնը Հայաստանում է բերում ութ տասնյակից ավելի կին ռեժիսորների ֆիլմեր
«Կին» միջազգային 10-րդ հոբելյանական կինոփառատոնի ընթացքում ցուցադրվելու են ավելի քան 80 կին ռեժիսորների ստեղծած ֆիլմեր: Այն անցկացվելու է դեկտեմբերի 14-18-ը Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Panorama.am-ի հետ զրույցում փառատոնի հիմնադիր տնօրեն Մարիամ Օհանյանն ասաց, որ տարին փառատոնի համար հոբելյանական է, այդ իսկ պատճառով ծրագրում կան մի քանի նորություններ, որոնք անակնկալ են լինելու մասնակիցների, հանդիսատեսի համար: «Նախ՝ փառատոնի շրջանակում հենց Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կազմակերպվելու է Հերիքնազ Գալստյանի, Հասմիկ Ավետիսյանի, Զառա Մանուչարյանի գեղանկար աշխատանքների ցուցահանդեսը: Առաջին կին ռեժիսոր, ազգությամբ ֆրանսուհի Ալիս Գի Բլաշեյի համր ֆիլմերի ցուցադրությունն ուղեկցվելու է Արամ Խաչատրյանի անվան տրիոյի նվագակցությամբ»,- նշեց նա:
Նախորդ տարիների համամետ, այս տարի, ըստ փառատոնի հիմնադրի, շատ են ներկայացված հայտերը՝ 81 ֆիլմ 27 երկրից: Փառատոնի հետահայաց ցուցադրության ծրագրում տեղ են գտել առաջին կին ռեժիսոր, ազգությամբ ֆրանսուհի Ալիս Գի Բլաշեյի ֆիլմերը: Նախատեսված են ցուցադրություններ` նվիրված ռեժիսոր Թամարա Լիսիցյանի 90-ամյակին և անգլիացի կոմպոզիտոր Բենջամեն Բրիտտենի 100-ամյակին:
Մ. Օհանյանը ներկայացրեց նաև ժյուրիի կազմը. հոբելյանական փառատոնի ժյուրիի կազմում ընդգրկված են Ժակլին Բուէն /Կրետել փառատոնի ղեկավար/, Սթեֆանիա Գյորցը /կինոգետ, Դորտմունդ, Քյոլն կանանց փառատոն/, Միվակո Կիկուչին /Ճապոնական Շորտշորտս և Ասիա փառատոնի գեղարվեստական ղեկավար/, Զավեն Ղուկասյանը /կինոգետ, Իրան/, Վահրամ Մարտիրոսյանը /սցենարիստ, գրող, հրապարակախոս/:
«Ավանդական դարձած կինոփառատոնի նպատակն է վերաիմաստավորել կնոջ դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանել նրա խնդիրները, խթանել Հայաստանում կանանց կողմից ստեղծված ֆիլմերի արտադրությունը, բացահայտել նոր անուններ, ինչպես նաև նպաստել մշակութային երկխոսությանը տարբեր ազգերի միջև»,- նման կինոփառատոն անցկացնելու նպատակն այդպես ներկայացրեց փառատոնի հիմնադիր տնօրեն Մարիամ Օհանյանը:
Նշենք, որ փառատոնի կազմակերպիչն է «Լիզա» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: