Ջրծաղիկի դեպքերը նախորդ տարվա համեմատ ոչ ավելացել են, ոչ էլ պակասել
Երևանյան տարբեր մանկապարտեզներում գրանցված ջրծաղիկի դեպքերը ծնողներին անհագաստանալու տեղիք են տվել: Առողջապահության նախարարությունից Panorama.am-ին պարզաբանեցին, որ Հայաստանում ամեն տարի դիտվում է ջրծաղկի ձմեռ-գարնանային սեզոնային բարձրացում:
«Առողջապահության նախարարության կողմից հանրապետության ողջ տարածքում իրականացվում է ջրծաղկի հիվանդացության շաբաթական մոնիտորինգ, որի արդյունքները վկայում են, որ 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ջրծաղիկի հիվանդացության բարձրացում կամ իջեցում չի դիտվում, այն գտնվում է միևնույն մակարդակի վրա»,-Panorama.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին նախարարությունից:
Ըստ պաշտոնական տեղեկատվության, դեռ խորհրդային տարիներից սկսած ջրծաղկի դեպքերի 95%-ն արձանագրվում են մանկական տարիքում: Ներկայումս արձանագրված բոլոր դեպքերն ընթանում են թեթև և միջին ծանրությամբ, հիվանդանալուց հետո ձևավորվում է կայուն իմունիտետ, ինչն ապահովագրում է մեծ տարիքում հիվանդանալուց: Իրականացվող մշտադիտարկումը նաև նպատակ ունի վաղ հայտնաբերել խմբակային դեպքերը՝ հետագա կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար:
Նախարարությունից վստահեցրեցին, որ իրականացվում է նաև դեպքերի ծանրության, ինչպես նաև հղիների շրջանում արձանագրվող դեպքերի մոնիտորինգ՝ ծանր դեպքերը վաղ հայտնաբերելու և համապատասխան բուժում կազմակերպելու համար:
Հիշեցնենք, որ ջրծաղիկը վիրուսային, սուր ընթացքով, վարակիչ, օդակաթիլային եղանակով փոխանցվող հիվանդություն է: Այն օժտված է բարձր վարակելիությամբ և ունի արագ տարածման միտում: Մեղմ կլիմայական պայմաններում բնակչության առնվազն 90%-ը հիվանդանում է ջրծաղկով մինչև 15 տարեկանը, որոնցից առնվազն 95%-ը` մինչև 10 տարեկան: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է: Վիրուսը անկայուն է շրջակա միջավայրում, որի հետևանքով, որպես կանոն, վարակը չի փոխանցվում երրորդ անձի և հիվանդի օգտագործած անձնական իրերի միջոցով: Հիվանդության գաղտնի շրջանը 10-21 օր է: Հիվանդությունն հիմնականում ընթանում է թեթև, հատկապես` մանկական տարիքում, մեծահասակների մոտ այն ընթանում է ավելի ծանր:
Սկզբում դիտվում է 1 օր տևողությամբ ընդհանուր նախանշանների շրջան, որն արտահայտվում է թուլությամբ, գլխացավով, ախորժակի կորստով, ոչ շատ բարձր ջերմությամբ, ապա սկսվում է ցանավորման շրջանը` ջերմության բարձրացում, բշտիկավոր ցան ամբողջ մարմնի շրջանում: Հիվանդը վարակիչ է մինչև վերջին կեղևի ընկնելը: Կեղևները թափվում են հիվանդության 6-8-րդ օրը, որից հետո մնում է սպի: Կարող են լինել նաև ոչ բնորոշ ախտանշաններով` անցան ձևեր:
Ջրծաղիկը հիմնականում թեթև ընթացող հիվանդություն է, սակայն շատ փոքր տոկոս դեպքերում իմուն համակարգի հետ խնդիրներ ունեցող հիվանդների մոտ կարող են զարգանալ բարդություններ` երկրորդային վարակի միանալու հետևանքով մաշկային բորբոքումներ, հազվադեպ` ջրծաղկով պայմանավորված թոքաբորբ, նյարդաբանական խանգարումներ և այլն: Ծանր է ընթանում նաև բնածին ջրծաղիկը:
Կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները կազմակերպվում և իրականացվում են՝ ելնելով համաճարակաբանական օրինաչափություններից և ուղղված են դեպքերի տեղայնացմանը և վարակի հետագա տարածման կանխմանը: Բնակչության շրջանում նաև իրականացվում է բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում: