Լևոն Խեչոյանին Գերմանիայից տեղափոխելու համար գումար է անհրաժեշտ. Նրա վիճակը ծանր է
Գրող Լևոն Խեչոյանի հետվիրահատական դրությունը օրհասական է, նրան Գերմանիայից տեղափոխելու համար գումար է անհրաժեշտ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ծաղկաձորի Գրողների տան տնօրեն Մովսես Մանուկյանը: «Ցավոք, Գերմանիայում կյանքի սահմանագծին մաքառող Լևոն Խեչոյանի հետվիրահատական դրությունը օրհասական է:
Բժիշկները խորհուրդ են տալիս անկողնային վիճակում Լևոնին տեղափոխել Հայաստան, ինչը ընտանիքի հնարավորությունների սահմաններից դուրս է: Տեղեկության նպատակը իրավիճակի մասին պատկան մարմիններին իրազեկելն է: Գերմանիայում բուժման կազմակերպման գործընթացին որևէ կերպ օժանդակություն չցուցաբերած ՀՀ Կառավարությունը, կարծում ենք, հիմա արագ ինչ-որ բան պետք է ձեռնարկի», -գրել է Մանուկյանը:
Panorama.am-ը փորձեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանից ճշտել, պատրաստվո՞ւմ է նա այդ հարցով դիմել կառավարությանը: Միլիտոնյանն ի պատասխան ասաց, որ այժմ Երևանից դուրս է, մասնակցում է Մուշեղ Գալշոյանի 80-ամյակին նվիրված միջոցառմանը և կարող է պատասխանել միայն Երևան գալուց հետո:
«Ես միջոցառման եմ, մեկ-երկու ժամից կգամ Երևան: Սիրելիս, ես զբաղվել եմ այդ հարցերով, խնդրում եմ, կգամ Երևան նոր կխոսենք: Զբաղվել եմ այդ հարցերով ընթացքի մեջ է, ես իր տղայի (նկատի ունի Լևոն Խեչոյանի որդու-հեղ.) հետ կկապվեմ ու ավելի ճշգրիտ կիմանամ` ինչն ինչոց է», -հավելեց ԳՄ նախագահը: