Բյուջետային քննարկումներ ԼՂՀ ԱԺ խումբ-խմբակցություններում
Դեկտեմբերի 13-ին, ԼՂՀ Ազգային ժողովում տեղի ունեցան պատգամավորական խումբ-խմբակցությունների և գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստերը՝ օրակարգում ունենալով «ԼՂՀ 2014թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի և այն ուղեկցող օրինագծերի մասին հարցը։ Այս մասին հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
«Բյուջետային փաթեթը, համաձայն սահմանված ժամանակացույցի, նախ, քննության առնվեց «Հայրենիք», ապա՝ «Դաշնակցություն», այնուհետև՝ «Ժողովրդավարություն» խմբակցությունների և «Արցախատուն» պատգամավորական խմբի նիստերում։
Քննարկումներին, որպես կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, մասնակցում էր ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը։ «Ժողովրդավարություն» խմբակցության նիստին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ միասին ներկա էր նաև վարչապետ Արա Հարությունյանը։
Խումբ-խմբակցությունների նիստերում բարձրացված հարցերը և ներկայացված առաջարկությունները վերաբերում էին գալիք ֆինանսական տարվա կտրվածքով երկրի սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային առաջընթացի ռազմավարությանը և մարտավարությանը, այդ համատեքստում՝ ծրագրային առաջնահերթությունների որոշարկման հիմունքներին, ինչպես նաև կենսագործունեության տարբեր բնագավառներում ու ոլորտներում առկա առանձին խնդիրների լուծման ուղիներին ու միջոցներին։
Ի պատասխան՝ կառավարության ղեկավարն ու ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը հանդես եկան համարժեք հիմնավորումներով ու պարզաբանումներով»,- նշված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա