Ռ. Մելքոնյան. Թուրքական կողմի քաղաքականության մեջ սկսել են գերիշխել իմիտացիոն տարրերը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ա. Դավութօղլուի այցը Հայաստան, նրա հետ եկած անձնակազմն առավելապես քարոզչական բնույթ էր կրում, նպատակն էր` տպավորություն ստեղծել, որ Թուրքիան շարունակում է ձգտել Հայաստանի հետ հաստատել հարաբերություններ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ (թուրքագիտության ամբիոն) Ռուբեն Մելքոնյանը:
Ըստ թուրքագետի, այս տարվա ընթացքում հայ-թուրքական հարաբերությունները շարունակել են մնալ սառեցված վիճակում, Թուրքիան շարունակել է իր ապակառուցողական մոտեցումը, քաղաքականությունը: «Այս տարվա ընթացքում թուրքական կողմի քաղաքականության մեջ սկսեցին գերիշխել իմիտացիոն տարրերը, որոնք միտված էին միջազգային հանրությանը ցույց տալ, որ հայ-թուրքական հարաբերությունը թեկուզ պասիվ վիճակում են, բայց շարունավում են»,- ասաց Ռ. Մելքոնյանը:
Նա նաև նշեց, որ այս տարի ևս ակտուալ էր թուրքերի ցանկությունը` ներթափանցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մեջ. «Հնարավոր բոլոր հանդիպումների ժամանակ թուրք բարձրաստիճան պաշտոնյաները փորձում էին արծարծել Ղարաբաղի հարցը, Ղարաբաղ անունը` փորձելով տպավորություն ստեղծել, որ ներգրաված են այդ գործընթացում»: