«Տարվա լավագույն մարզիկ». թեկնածուների առաջադրման իրավունքը տրվել է ազգային ֆեդերացիաներին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն առաջին անգամ հանդես է գալիս հայկական մարզաշխարհի «Տարվա լավագույն մարզիկների տասնյակի» ընտրության աշխատանքները լրատվամիջոցների հետ կանոնակարգելու նախաձեռնությամբ:
Նպատակը՝ տարվա լավագույն մարզիկների տասնյակի ընտրության հարցում անաչառության և հնարավորինս մեծ թվով մարզական լրագրողների մասնակցության ապահովումն է:
Մարզիկների ընտրությունն անցկացնելու համար ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: Մասնագետների կողմից մշակվել է մարզական արդյունքների գնահատման չափորոշիչներ և տասնյակը որոշելու կարգ, ինչը հաստատվել է նախարարի կողմից:
Մրցույթի անցկացումը կազմակերպում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը՝ աշխատանքային խմբում ընդգրկված մասնագետների միջոցով:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հաստատած համապատասխան կարգի համաձայն՝ «Տարվա լավագույն մարզիկների տասնյակ» մրցույթում թեկնածուների առաջադրման իրավունքը տրվել է ազգային ֆեդերացիաներին: Հաստատված կարգի համաձայն՝ Ֆեդերացիաները արդեն նախարարությանն են ներկայացրել տարվա ընթացքում մարզական արդյունքներով առավել աչքի ընկած իրենց մարզաձևերի 5 մարզիկի թեկնածություն: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
2013 թ լավագույն մարզիկների տասնյակը որոշելու իրավունք ունեն միայն այն զանգվածային լրատվամիջոցները (հեռուստա-ռադիոընկերություններ, թերթեր (էլեկտրոնային), լրատվական գործակալություններ, որոնք ունեն մարզական բաժին և պարբերաբար ու բարեխղճորեն լուսաբանում են Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմերի և մարզիկների մասնակցությամբ կայացած միջոցառումները, Հայաստանի Հանրապետության մարզական ֆեդերացիաների գործունեությունը (այդ թվում` մարզական մասնագիտական պարբերականներ և արտասահմանյան լրատվամիջոցներ, որոնք ունեն հայաստանյան ներկայացուցիչներ):
Ընտրության կարգի, քվեարկության ընթացակարգի վերաբերյալ տեղեկատվությունն ամբողջությամբ տեղադրված է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքում: