Հայերեն Վիքիպեդիան համալրել է խոշորագույն Վիքիպեդիաների շարքը
Հայերեն Վիքիպեդիան համալրել է խոշորագույն Վիքիպեդիաների շարքը. դեկտեմբերի 2-ին ստեղծվել է 100 000-րդ հոդվածը: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց Վիքիմեդիա Հայաստանի հիմնադիր Սուսաննա Մկրտչյանը:
Նա նշեց, որ երկու տարի առաջ այն ուներ ընդամենը 16 000 հոդված և այդ ցուցանիշով զբաղեցնում էր 90-րդ տեղը: Այսօր արդեն ազատ հանրագիտարանի հայերեն բաժինը զբաղեցնում է 48-րդ տեղը:
Ըստ Սուսաննա Մկրտչյանի այս գործում մեծ դեր է կատարել Վիքիմեդիա Հայաստանի ստեղծումը, որ նպատակն է հասանելի դարձնել Վիքի մշակույթը: «Մենք հաջողությունը սեփականացնելու մտադրություն չունենք: Սա ազգի մտավոր սեփականությունը հարստացնելու ծրագիր է, պետք է բոլորը լումա ունենան մեր գիտելիքի աշխարհը ստեղծելու գործում»,- ասաց նա:
Վիքիմեդիա Հայաստանն իր գործունեության ընթացքում մի շարք ծրագրեր է իրականացրել, ինչպես օրինակ, կրթական ծրագրեր հանրակրթական դպրոցներում, բուհերում, սեմինարներ և այլն:
Սուսաննա Մկրտչյանը նշեց, որ իրենց ուշադրության կենտրոնում է կրթական ոլորտը: Դպրոցներում և բուհերում գործում են վիքի-խմբակներ: «Մեր խոշոր ծրագրերը կրթական ոլորտին են ուղղված: Մենք ցանկանում ենք ստեղծել հոդվածներ, որպեսզի, օրինակ քիմիայի մասին տեղեկությունը լինի ոչ միայն դասագրքերում, այլև մեր հոդվածներում: Նաև խթանում ենք Հայաստանի մասին հոդվածները, որ տարբեր լեզուներով Վիքիպեդիա էջերում Հայաստանի մասին հոդվածներն ավելանան»,- ասաց նա:
Վիքիմեդիա Հայաստանը նաև մարզերում է գործունեություն ծավալում, մի շարք քաղաքներում ստեղծվել են վիքի-խմբակներ, որոնք նախատեսվում է ընդլայնել: «Մենք ուզում ենք ողջ Հայաստանն ու Արցախը ներգրավվեն այս գործում, մենք նախատեսում ենք նաև մարզային կենտրոններ բացել»,- ասաց Սուսաննա Մկրտչյանը:
Վիքիմեդիա Հայաստանը շատ կարևորում է հայերենով մասնագիտական նյութերի զարգացումը հայկական համացանցում: Այդ նպատակով նախատեսվում է հունվարին խմբակների ստեղծում տարբեր ոլորտներից: Նախատեսվում է նաև ճամբար կազմակերպել, որտեղ մասնագետները կկարողանան բարելավել իրենց հոդվածները: Կարևորվում է նաև հայագիտությունը, կան մի խումբ հայագետներ, ովքեր ցանկանում են բարելավել Հայերեն Վիքիպեդիան հայագիտական նյութերով:
Եկող տարի Վիքիմեդիա Հայաստանը նախատեսում է Վիքիկոնֆերանս կազմակերպել, ինչպես նաև ապահովել Հայաստանի մասնակցությունը «Վիքին սիրում է հուշարձաններ» և «Վիքին սիրում է բնություն» միջազգային մրցույթներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա