Ա. Կասպշիկ. Նախագահների հանդիպումը լավատեսական հիմքեր է ստեղծել
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հասկացրեցին, որ մտադիր են առավել հաճախակի հանդիպել և ակտիվացնել խաղաղ գործընթացը, ինչն իսկապես լավատեսության հիմքեր է ստեղծում: Այս մասին, «Թրենդ» լրատվական գործակալության հետ զրույցում, նշել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
Նրա խոսքերով, վերջին շրջանում բանակցային գործընթացի վերաբերյալ, Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաների կողմից լավատեսական գնահատականներ են հնչում:
Վերջինս նշել է, որ 2013 թվականի ընթացքում, ԵԱՀԿ առաքելության անդամները 17 անգամ այցելել են շփման գիծ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին, ԼՂՀ Հադրութի ուղղությամբ իրականացրած դիտարկման ժամանակ ադրբեջանական կողմից կրակոցներ էր հնչել, ինչի հետևանքով, ԵԱՀԿ առաքելության ղեկավարը որոշում էր ընդունել ընդհատել դիտարկումը:
Ա. Կասպշիկը տեղեկացրել է, որ իրենց դիտարկումների արդյունքում պարզ է դարձել, որ 2012 թվականի համեմատ, 2013 թվականին, շփման գծում ավելի քիչ թվով կորուստներ ու վիրավորներ են գրանցվել:
Վերջինս նշել է, որ, այդուհանդերձ, լուրջ ռիսկայնությունը պահպանվում է, մանավանդ, այն մարդկանց դեպքում, ովքեր բնակվում է սահմանամերձ բնակավայրերում: Իսկ դա մեծ դժվարությունների է հանգեցնում:
Նա տեղեկացրել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչն իրենց մանդատի համաձայն, կողմերի հետ վստահության միջոցների ամրապնդման ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում: Ընդ որում, Կասպշիկը տեղեկացրել է, որ նախագահները կոչ են արել` լրացուցիչ միջոցներ ձեռնարկել` հրադադարի ռեժիմի ամրապնդման ու վստահության հաստատման համար, ինչը հնարավորություն կտա բարելավել մթնոլորտը, իսկ դա կարևոր գործոն է բանակցային պրոցեսի համար:
Նկատենք, որ այդ նպատակով, համանախագահները մի քանի տարի առաջ, կողմերին առաջարկել էին` դուրս բերել դիպուկահարներին շփման գծից և առաջնագծում տեղի ունեցող միջադեպերը հետաքննող մեխանիզմ ներդնել, ինչը Հայաստանի կողմից հավանության էր արժանացել, իսկ ադրբեջանական կողմը մերժել էր այն:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը տեղեկացրել է, որ իր թիմն աշխատում է ռազմական միջադեպերի հետաքննության հնարավոր մեխանիզմների մշակման ուղղությամբ, ինչպես նաև, երկու կողմերի մտավորականների, գիտնականների ու հասարակական շրջանակների միջև հանդիպումներ կազմակերպելու համար:
Նա հույս է հայտնել, որ նույնիսկ առկա լրջագույն խնդիրների պայմաններում, ի վերջո հնարավոր կլինի թուլացնել շփման գծում առկա լարվածությունը, նվազեցնել կորուստների ու վիրավորների ռիսկայնությունը, ստեղծել բարենպաստ մթնոլորտ, ինչը հնարավորություն կտա նախագահներին` քաղաքական հակամարտության կարգավորման ճանապարհին, հասնելու կայուն առաջընթացի:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-6-ը Կիևում տեղի ունեցած ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ունեցած իր ելույթում, ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է նաև վստահության ամրապնդման միջոցների իրականացմանը` դիպուկահարների դուրս բերմանն ու հետաքննության մեխանիզմի ներդրմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները