Վիքիպեդիայում հոդվածներ են ստեղծում դպրոցականները. «Երեխաները մեծ ոգևորությամբ են խմբագրում»
Վիքիմեդիա Հայաստանը մեծ ուշադրություն է հատկացնում կրթական ոլորտին: Կազմակերպությունը դպրոցներում նախատեսում է բացել մեծ թվով վիքի-խմբակներ: Վիքիմեդիա Հայաստան ՀԿ խորհրդի հիմնադիր անդամ Լիլիթ Թարխանյանի բնորոշմամբ, Վիքիպեդիայում խմբագրելուց մեծագույն օգուտը, որ կստանան երեխաները, ոչ միայն նոր գիտելիք ձեռք բերելն է, այլև թարգմանչական, խոսքի, մտքի ձևակերպման ունակությունները զարգացնելը:
«Քանի որ աշակերտները ծանոթ չեն խմբագրման գործիքներին, մենք որոշեցինք հայկական սովետական հանրագիտարանից սկսել: Այսինքն, երբ ուղղակի տեքստը կա, պետք է սվորել ինչպես մշակել, վիքիֆիկացնել, ինչպիսի գործիքներ օգտագործել Վիքիպեդիայում խմբագրման համար: Առաջին փուլի համար աշակերտներն ուղղակի սովորում են խմբագրել»,- Panorama.am-ի թղթակցին ծրագիրը ներկայացրեց Լիլիթ Թարխանյանը:
Նա նշեց, որ երկրորդ փուլի համար կա թարգմանչի անկյուն նախագիծ, երբ մասնակիցները թարգմանում են հոդվածներ տարբեր լեզուներից, պատկերազարդում են դրանք և այլն:
«Մենք համագործակցել ենք ԱՅԲ ավագ դպրոցի հետ, իրենք մեր համախոհները դարձան, շատ լավ արդյունքներ ստացվեցին ու սկսվեց երկրորդ փուլը, որը կտևի մինչև հունվարի վերջ: Եղել ենք նաև Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Այստեղ էլ մի թիմ կզբաղվի հանրագիտարաններով, նաև թեմատիկ խմբեր կստեղծվեն, մասնակիցները կորոշեն, թե ինչ առարկաներից են ցանկանում հոդվածներ ստեղծել` աշխարհագրություն, քիմիա, ֆիզիկա և այլն: Մենք եղել ենք նաև 198 ավագ դպրոցում, փորձում ենք համագործակցել Կրթության և գիտության նախարարության հետ: Հուսանք եկող տարվա ընթացքում համագործակցությունը շատ ավելի սերտ կլինի, որպեսզի շատ ավելի դպրոցներ կարողանանք այցելել ու տարածել»,- ասաց նա:
Լիլիթ Թարխանյանի խոսքով, երեխաները շատ մեծ ոգևորվածությամբ և հաճույքով են խմբագրում, իսկ նախագծերն այնպես են կազմակերպվում, որ իրենց համար խաղի նման է դառնում, մրցակցություն է ստեղծվում, և երեխաները սիրով խմբագրում են:
Կազմակերպության եկող տարվա նախագծերի մեջ է մտնում մարզային դպրոցների ներգրավվածությունը: «Սկզբնական շրջանում կներառենք Վանաձոր, Գյումրի, Գորիս, Դիլիջան քաղաքների դպրոցները, բայց կընդլայնվենք, իհարկե, կախված է աջակցությունից»,- ասաց Վիքիմեդիայի ներկայացուցիչը:
Հավելենք, որ Վիքիմեդիա Հայաստանը շատ կարևորում է հայերենով մասնագիտական նյութերի զարգացումը հայկական համացանցում: Այդ նպատակով հունվարին նախատեսվում է տարբեր ոլորտներից խմբակների ստեղծում:
Նախորդիվ`
Հայերեն Վիքիպեդիան համալրել է խոշորագույն Վիքիպեդիաների շարքը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա