Պիտի ստիպենք, որ օրենքը կասեցվի. «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների» նախաձեռնություն
«Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների» նախաձեռնության անդամները դեկտեմբերի 17-ին, ժամը 12:30-ին հավաքվելու են Ազատության հրապարակում, որտեղից շարժվելու են Սահմանադրական դատարան: Այդ օրը ԱԺ չորս խմբակցությունների դիմումի հիման վրա «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը կասեցնելու պահանջով գործը գնալու է ՍԴ, քաղաքացիները հավաքվելու են և պահաջելու, որ դատարանը կասեցնի այդ օրենքը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ ՍԴ դիմումով պահանջվելու է, որ օրենքի մի շարք կետեր չեղյալ հայտարարվեն, պահանջվելու է, որ մինչև ՍԴ որոշման հրապարակումը կասեցվի օրենքի կիրառումը:
«Մենք միասին պիտի պայքարենք ու ստիպենք, որ օրենքը կասեցվի և չեղյալ հայտարարվի»,- ասաց նախաձեռնության անդամ, քաղաքագետ Դավիթ Մանուկյանը: Հարցին՝ ինչ սպասելիքներ կան, որ ՍԴ-ն կբավարարի դիմումը, եթե ԱԺ-ն, ՀՀ Նախագահը և Կառավարությունը հայտարարել են, որ կողմ են օրենքին, Դավիթ Մանուկյանը պատասխանեց. «Խոսքը նույն ուժի մասին է, այդ կառույցների ներկայացուցիչները բոլորը ՀՀԿ և ՕԵԿ անդամներ են: ՍԴ-ն չի կարող լինել կուսակցական, բայց ՍԴ-ն վերջնակետ չէ, միայն դատական համակարգի միջոցով չէ, որ հարցը պետք է լուծվի: Եթե մենք վստահ լինեինք, որ քաղաքական ուժերը կարող են այս հարցը լուծել, մենք մեր նախաձեռնությունը չէինք ստեղծի: Մենք օրինական դաշտում պետք է ճնշում գործադրենք, որ հաշվի նստեն մեր կարծիքի հետ»:
Նա նշեց, որ սա պայքար չէ որևէ ուժի դեմ, սա պայքար է օրենքի դեմ և հանուն քաղաքացիների իրավունքների պաշտպանության. «Իմ սեփականությունը բռնագաձվելու է, իմ կամքին հակառակ վերցվելու են իմ գումարները: Եթե որևէ բան չփոխվի և ուժի մեջ մտնի, այդ ժամանակ ես՝ որպես անհատ, կդիմեմ իրավական մարմիններին ու կգնամ մինչև Եվրոպական դատարան»:
Ծրագրավորող Գևորգ Գորգիսյանը նշեց, որ խորհրդարանը, կառավարությունն ու Նախագահն իրենց հայտարարություններով ցույց տվեցին, որ երկխոսության չեն ցանկանում գնալ. «Մարդիկ, որ պայքարում են, ցանկանում են իրենց ձայնը լսելի դարձնել, իսկ այդ մարմինները փակել են դռներն ու չեն ցանկանում լսել քաղաքացիներին»:
Հաշվապահ Մանե Թանդիլյանը նկատեց, որ պայքարը լինելու է քաղաքակիրթ ձևով, իսկ ՍԴ-ն վերջին իրավական կառույցն է միայն, բայց ոչ պայքարի վերջը. «Մարդուն պարտադրելով իր սեփականությունից զրկել հնարավոր չէ, մենք քաղաքակիրթ ձևով պայքարելու ենք»:
Ինժիներ Հայկ Ավետիսյանն էլ հավելեց. «Եթե ՀՀ քաղաքացիները չպայքարեն, ոչ մի հարց չի լուծվի»:
Կարդացեք նաև՝
Կհանդիպենք Սահմանադրական դատարանում. ՀՅԴ-ական պատգամավորը` վարչապետին
Ն.Զոհրաբյան. Առաջիկա երկու օրերին կդիմենք Սահմանադրական դատարան