Դավութօղլուի շոուն ստացվեց. թուրքագետ
«Դավութօղլուն եկավ, շոուն արեց ու փառքով վերադարձավ»: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Նրա խոսքով, Թուրքիան այս քայլով կարողացավ այնպես անել, որ միջազգային մամուլը սկսեց ավելի շատ խոսել հայ-թուրքական հարաբերությունների մասին, որին մեծապես ծառայեցին հենց այդ շոուի մյուս մասնակիցները` թուրք լրագրողները:
«Դավութօղլուի հետ Հայաստան էին եկել թուրքական ամենահայտնի լրատվամիջոցների ներկայացուցիները, որոնք նույնպես շոու սարքելու մաս էին կազմում»,- նշեց թուրքագետը: Նա նաև ասաց, որ Դավութօղլուն ավելի շահեկան դիրքերում է հայտնվել, քանի որ միջազգային մամուլը ավելի շատ խոսում է նրա հղած մեսիջների մասին` դրական լույսի ներքո, գովեստներով և ծափահարություններով:
Հիշեցնենք, որ Ա. Դավութօղլուն Երևան էր եկել դեկտեմբերի 12-ին Սևծովյան տնտեսական համագործակցություն (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 29-րդ նիստին մասնակցելու համար:
Ա. Շաքարյանի կարծիքով, Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը պետք է լիներ դռնբաց, որպեսզի ավելի հստակ լիներ պատկերացումները, թե ինչի մասին են խոսել, ինչ հարցեր են քննարկել: Բացի այդ, ըստ նրա, եթե Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպումից հետո ասուլիս տվեց թուրք լրագրողների համար, ՀՀ ԱԳ նախարարը կամ նրա խոսնակը նույնպես պետք է ասուլիս կազմակերպեին հայ լրագրողների համար:
«Մեր արտաքին գործերի նախարարության հայտարարությունը հանդիպման մասին սև սպիտակ էր, որը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք չի տալիս»,- ասաց Ա. Շաքարյանը:
Ասուլիսին ներկա ԵՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Մելքոնյանն ասաց, որ Թուրքիայի ԱԳ նախարարի այցով թուրքական կողմը նպատակ ուներ մեղմացնել այն ճնշումները, որոնք գործադրվելու են Թուրքիայի նկատմամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ:
«Այս այցով նպատակ ունեին ևս մեկ անգամ ցույց տալ տարածաշրջանի երկրներին, Ռուսաստանին, որ Թուրքիան շարունակելու է Կովկասում իր ազդեցությունը մեծացնելու քաղաքականությունը»,- ասաց պատմաբանը: Գ. Մելքոնյանի խոսքով, Դավութօղլուի հայտարարությունները վկայում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն արցախյան խնդրի` ադրբեջանանպաստ լուծման դեպքում: