Գյորգյուլյու. Ներողություն խնդրելը դժվար է, բայց դա կարևոր է Հայաստանի հետ հարաբերություններ ստեղծելու համար
Թուրք փորձագետ Այբարս Գյորգյուլյուն (Aybars Görgülü) Hurriyet-ին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի Հայաստան կատարած այցին, ինչպես նաև Թուրքիայի` Հայոց ցեղասպանության հարցում ցուցաբերած քաղաքականությանը:
«Հայ-թուրքական հարաբերությունները փակուղի են մտել 2009թ-ից ի վեր, երբ արձանագրությունները չվավերացվեցին: Եվ այս հարցում վճռորոշ արգելափակող եղավ Ադրբեջանը: Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը փակ է: Մի շարք պատճառներ կային, որ Դավութօղլուն գնաց Հայաստան: 2015թ-ը մոտենում է և Թուրքիան ցանկանում է մինչև այդ երկխոսություն սկսել Հայաստանի հետ` միջազգային հանրությանը տալով այն հաղորդագրությունը, որ Թուրքիան չի մեկուսացնում Հայաստանին և որ երկուսը բանակցում են: Օրինակ՝ Դավութօղլուն հայտարարեց, որ հայերի կոտորածն անմարդկային է: Իսկ այս հաղորդագրությունը 2015թ-ի համար է: Հայերը չեն վստահում Թուրքիայի շարժառիթներին: Նրանք չեն ցանկանում ներառված լինել հաշտեցման այնպիսի գործընթացի մեջ, որը ոչ մի արդյունքի չի հանգեցնի:
Արդյո՞ք Թուրքիան ներողություն կխնդրի: Արդյո՞ք կառավարությունը պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա` կարեկցելով ողբերգության համար: Կամ կկառուցի՞ հուշարձան: Կարծում եմ, որ բոլոր տարբերակները Անկարայում գնահատվել են: Յուրաքանչյուր ոք ակնկալում է, որ Թուրքիան ինչ-որ բան պետք է անի: Ներողություն խնդրելը դժվար է, բայց դա կարող է կարևոր լինել Հայաստանի հետ հարաբերություններ ստեղծելու հարցում:
1915թ թեման արդեն արգելք չի հանդիսանում Թուրքիայում: Հրանտ Դինքի սպանությունը շրջադարձային կետ դարձավ: Մարդիկ սկսեցին բացահայտել, թե ինչ է տեղի ունեցել 1915թ-ին: «Արդարություն և Զարգացում» կուսակցությունը հիմա չի անհագստանում այն փաստից, որ 1915 թ իրադարձությունների վերաբերյալ քննարկում է տեղի ունենում և հիմա կարող ես հրապարակայնորեն քննարկել այն` նշելով, որ դա ցեղասպանություն է և քեզ անազատության չեն դատապարտի»,-նշել է վերջինս: