Հակառակորդի կրակից զինծառայող է զոհվել.«ԶՈՒ գործողությունները լինելու են կանխարգելիչ և խիստ»
Դեկտեմբերի 14-ին հակառակորդի կրակից զոհվել է պայմանագրային զինծառայող, շարքային Հրանտ Սերյոժայի Պողոսյանը: Այս մասին հայտնում են ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Սույն թվականի նոյեմբերի 5-ին Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ արձագանքելով ռազմական գործողությունների առումով զսպվածություն ցուցաբերելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով ամբողջ այս ընթացքում հայկական կողմից չի արձակվել ոչ մի կրակոց:
Սույն թվականի դեկտեմբերի 14-ի միջադեպը, որի ժամանակ հակառակորդի կրակից զոհվել է պայմանագրային զինծառայող, շարքային Հրանտ Սերյոժայի Պողոսյանը, հերթական անգամ ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը, անտեսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչերը, շարունակում է հրադադարի պահպանման անտեսման իր մշտական մոտեցումը, մասնավորապես` Համանախագահների Բաքվում գտնվելու ժամանակ:
Այս ամենի արդյունքում ՀՀ զինված ուժերի գործողությունները լինելու են կանխարգելիչ և խիստ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում շարքային Հրանտ Սերյոժայի Պողոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-ասված է ՊՆ տարածած հայտարարության մեջ: