Մինսկի խմբի համանախագահներն այսօր կլինեն Երևանում
Այսօր սպասվում է ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Երևան: ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Panorama.am-ին հայտնեց, որ Երևանում նախատեսված են միջնորդների հանդիպումները ՀՀ նախագահի ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Երեկ նրանք Ադրբեջանում էին: Հիշեցնենք, որ դեկտեմբերին տարածաշրջան սպասվող այցի մասին հայտնի էր ավելի վաղ: ԵԱՀԿ պաշտոնական կայքէջի հաղորդմամբ, արդեն 2014-ի սկզբին նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:
«Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը համաձայնվել են Մինսկի խմբի շրջանակներում հանդիպել 2014 թ-ի սկզբին՝ ամենաբարձր մակարդակով հետագա բանակցությունները կազմակերպելու նպատակով: Նախարարներն ընդգծել են, որ տարածաշրջանի ժողովուրդներն ակնկալում են և արժանի են տևական ժամանակ ընթացող հակամարտության լուծմանը, ինչպես նաև իրենց երախտագիտությունն են հայտնում համանախագահող երկրներին միջնորդական առաքելության համար», - ասված է հայտարարության տեքստում»,-դեկտեմբերի 5-ին Կիևում կայացած հանդիպումից հետո նման հայտարարությամբ էին հանդես եկել միջնորդները:
Նախորդող հրապարակում`
Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հայտարարություն են ընդունել