Ադրբեջանում թանկացումների դեմ բազմահազարանոց հանրահավաք է անցկացվել
Ադրբեջանական ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը Բաքվում բազմահազարանոց հանրահավաք է կազմակերպվել վառելիքի գների թանկացման դեմ, հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ինչպես նշվում է հոդվածում, ընդդիմության ներկայացուցիչ Ալի Քերիմլին հանրահավաքի ժամանակ ասել է, որ «գների աճը Ադրբեջանի կոռումպացված քաղաքական համակարգի արդյունքն է, և եթե ադրբեջանական հասարակությունը վերջ չդնի իշխանությունների թալանչի համակարգին, ապա նավթամթերքի թանկացումից հետո թանկանալու են նաև գազը, էլեկտրաէներգիան և տրանսպորտը»:
«Մինչև երկրում չլինի լեգիտիմ իշխանություն, հասարակության հետ շարունակելու են այսպես վարվել», -ասել էր Քերիմլին:
Հեղինակը ընդգծում է, որ հավաքված հանրությունը ողջունել էր Քերիմլիի խոսքերը և սկսել պահանջել կառավարության հրաժարականը: Հավաքի ժամանակ պաստառներ էին բարձրացվել, որոնց վրա գրված էր «Վերջ թանկացմանը», «Ցածր գներ ենք պահանջում», «Պետությունը պետք է ծառայի հասարակությանը», «Բյուջեն ժողովրդինն է, ոչ թե պատգամավորներինը» և այլն:
Քերիմլին հայտարարել էր, որ «Ադրբեջանը հետևելու է Ուկրաինայի օրինակին, և ստորագրելու Է Ասոցիացման համաձայնագիրը: Կամ դա մենք կանենք, եթե մինչ այդ արդար և թափանցիկ ընտրությունների հասնենք, կամ կստիպենք ներկա վարչակազմին անել դա»:
Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, հանրահավաքին մասնակցել է նաև Ժողովրադավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին: Նա իր ելույթում ասել է, որ «թանկացումից շահում են միայն իշխանությունները: Ադրբեջանի հասարակությունը պետք է շարունակի պայքարարել իր իրավունքների համար: Միայն համընդհանուր դիմադրությամբ կարող է ադրբեջանական ժողովուրդը դուրս գալ այս վիճակից»:
Ըստ «Թուրանի»` հանրահավաքի վերջում մի փաստաթուղթ է կազմվել, որտեղ հանրահավաքի մասնակիցները պահանջում են կառավարությունից չեղյալ հայտարարել բենզինի թանկացումը և երաշխավորել, որ այլ ապրանքների գները չեն բարձրանալու:
Ընդդիմությունը մտադիր է շարունակել իր պայքարը Ադրբեջանում ազատ և թափանցիկ ընտրությունների և օրինական իշխանության հաստատման համար, նշված է փաստաթղթում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ից Ադրբեջանի սակագնային խորհուրդը կտրուկ բարձրացրել է բենզինի և դիզելային վառելիքի գները, մոտավորապես 27-33%, ինպես նաև ձեռնարկությունների համար գազի գինը դարձրել է կրկնակի: Ավելի վաղ, 2007թ.-ի հունվարին Ադրբեջանի սակագնային խորհրդի որոշմամբ երկրում կրկին կտրուկ գնաճ է գրանցվել: Բենզինը թանկացել էր 50%-ով, Էլեկտրաէնեգիայի գինը երեք անգամ ավելացել էր, իսկ ջրի գինը` կրկնապատկվել: Հանրային տրանսպորտը թանկացել էր ավելի քան 30%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա