Ադրբեջանում հաճախակի են դավանական հողի վրա բախումները
Դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իսլամականների միջև տեղի ունեցած բախումն այնուհետև վերաճեց զինված ընդհարման, որի ընթացքում եղան վիրավորներ:
Ադրբեջանում հաճախակի են դարձել ծայրահեղ իսլամականների և ադրբեջանական իրավապահ մարմինների, ինչպես նաև կրոնական այլ ուղղություններ ներկայացնող շրջանակների միջև արձանագրված բախումները երկրի տարբեր հատվածներում, այդ թվում խոշոր քաղաքներում, որոնք շատ դեպքերում վերաճում են զինված ընդհարումների: Նմանատիպ բախումներ Ադրբեջանում նկատվեցին նաև 2013թ-ի ընթացքում:
Դեկտեմբերի 11-ին Սումգայիթում իսլամականների միջև արձանագրված միջադեպը, վերջինիս դավանական ենթատեքստն ու մասնակիցների բավական երիտասարդ տարիքը խոսում են այն մասին, որ Սումգայիթը համարվում է Ադրբեջանի արմատական իսլամական տրամադրությունների ակտիվ օջախներից մեկը:
Բախման ժամանակ լսվել են կրակահերթեր, կիրառվել են նռնակներ, այդ թվում միջադեպի վայր ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ, որից հետո միջադեպի մեջ ներգրավված որոշ իսլամականների հաջողվել է փախչել: Հետագայում իրավապահ մարմինների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալված իսլամականներից և նրանց բնակարաններից առգրավվել են տարբեր տեսակի զինամթերքներ: Դա խոսուն փաստ է իսլամականների լավ սպառազինության և նրանց ռազմական պատրաստվածության մասին, ինչն էլ Ադրբեջանը դարձնում է վտանգավոր երկիր ծայրահեղ իսլամականների կողմից ահաբեկչական գործողություններ իրականացնելու առումով ինչպես Ադրբեջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
Հաշվի առնելով, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից միջադեպի պատճառը նշվում է բախման մասնակից իսլամականների կրոնական տարբեր ուղղություններին պատկանելը (վահաբականներ և խարիջիներ) և կրոնա-դոգմատիկ բնույթի անհամաձայնությունները, ապա ալիևյան վարչախմբի կողմից տարիներ շարունակ գեղեցիկ ձևով ներկայացվող Ադրբեջանի աշխարհիկ բնույթի և որպես այդպիսին, ադրբեջանական օրինակելի աշխարհիկ հասարակարգի միֆը հօդս է ցնդում:
Բացի դա, ադրբեջանական լրատվամիջոցներում արդեն լուրեր են պտտվում, որ փախուստի դիմած իսլամականներից երկուսը ձերբակալվել են Բաքվի օդանավակայանում, որոնք պատրաստվում էին մեկնել Թուրքիա: Այս համատեքստում պետք է փաստել, որ Թուրքիան ոչ միայն ապահով վայր է ծագումով ադրբեջանցի իսլամականների համար (և ոչ միայն ադրբեջանցի), որտեղ նրանք կարող են պատսպարվել, այլև համարվում է տարանցիկ երկիր, որտեղից նրանք կարողանում են անարգել տեղափոխվել այլ երկրներ` մասնակցելու ջիհադական պայքարին (պատահական չէ, որ Թուրքիային սահմանակից Սիրիայում կռվող ծագումով ադրբեջանցիների թվաքանակը հաշվվում է հարյուրներով), և այս բոլորը վկայությունն է ակտիվացող ադրբեջանական իսլամական արմատական ներուժի մասին:
Իսլամագետ Ս. Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա