«Անբարոյական խոսքերով վիրավորում էր բոլորին». Նոր մանրամասներ «Սարդարապատի» թանգարանի տնօրենի «հերոսությունների» մասին
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանին թանգարանի աշխատակիցները մեղադրում են իրենց ծեծելու համար: Նկատենք, որ Կարեն Արիստակեսյանը նախկինում հայտնի էր որպես «Միսս Հայաստան» մրցույթի կազմակերպիչ:
Այժմ նրա կողմից տուժած թանգարանի աշխատակից կանայք գտնվում են «Արմավիր» բժշկական կենտրոնում: Միջադեպի մասին պաշտոնական տեղեկությունն այսօր նախ հայտնել է ոստիկանությունը` տեղեկացնելով, որ դեկտեմբերի 14-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ծնկան հոդի կապանների գերձգվածություն, կրծքավանդակի ձախ կեսի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1953 թ. ծնված Անիկ Մ.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ իրեն ծեծի են ենթարկել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, 1969 թ. ծնված Կարեն Ա.-ն, աշխատանքային խնդիրների պարզաբանման ժամանակ, բռունցքով հարվածներ է հասցրել Անիկ Մ.-ին և պատճառել վնասվածքներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Բացի Անիկ Միքայելյանից, հիվանդանոցում է նաև թանգարանի հսկիչ Սիրանույշ Զադոյանը. Վերջինի մոտ տնօրեն Արիստակեսյանի հետ վեճի արդյունքում սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել: «Մայրս հանգիստ գնացել էր գործի, մեկ էլ տեսնենք մի քանի ժամ հետո խռխռացնելով մտավ տուն: Խոսակցությունը ազդել էր վրան ու ինքն էլ վատացել էր, եթե շտապօգնությունը մի քանի րոպե ուշ գար, չգիտեմ` ինչ կլիներ», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեց տիկին Սիրանույշի դուստրը:
Այնուհետև դեպքը մեզ հետ զրույցում ներկայացրեց տիկին Սիրանույշը: «Ժողով էր կազմակերպել աշխատողներին կրճատելու համար, ասում էր` ով դիպլոմ չունի աշխատանքից ազատվելու է: Ես էլ որ հիվանդ եմ, ասացի, որ իմ գործը ինձ համար հարմար է: Բայց ինքը չի զգուշացնում ու քարտուղարության պետին հրամայում ա, որ մինչև Երևանից գա, բոլորն ազատված լինեն: Էդ տնօրենը բոլորի հետ խնդիրներ ունի: Վեճը սկսվեց ժողովի ժամանակ, ավել պակաս անբարոյական խոսքերով վիրավորում էր բոլորին, շատերին էլ հեռացրել էր գործից: Ինքը շատ անշնորհք, անպետք անառակ ջահել ա»,-ներկայացրեց հիվանդանոցում պռկած տիկին Սիրանույշը:
Նա նաև ասաց, որ ինքը չի տեսել, թե ինչպես է իրենց տնօրենի` Կարեն Արիստակեսյանի ընկերուհին ծեծում թանգարանի մյուս աշխատակցին, բայց լսել է հետևյալ բառերը, որն ասել է իրենց տնօրենի ընկերուհին. «Գնա, մեռի, սատկի»: «Հետո ես տեսա մեր աշխատող Վարդիթերի վիճակը, քաշեցի ու ասեցի` աղջիկ ջան, չես ամաչո՞ւմ, քո մոր թայն ա: Բայց ինքն էլ ասեց, որ լավ է անում, որ մենք անգրագետ ենք»:
Սիրանույշ Զադոյանը ասաց, որ թանգարանում աշխատում է արդեն 20 տարի, նախկինում որևէ տնօրենի կամ աշխատակիցների հետ որևէ խնդիր չի ունեցել: Սակայն այս տնօրենի պաշտոնավարման ժամանակ խնդիրներ են առաջացել` նա ցանկանում է կրճատել աշխատակիցներին: Թանգարանի աշխատակցի խոսքով, թանգարանում տնօրենից բացի, կամայականություններ է թույլ տալիս նաև նրա ընկերուհին. «Մեր վրա գոռում ա, ծիծաղում ու ծաղրում ա: Աշխատողները իրանց 40-50 հազար դրամի համար վախենում են խոսան: Շատ անպատիվ խոսքեր ա ասում, գիտաշխատողներին անվայել խոսքեր ա ասում: Տնօրենը բոլորիս սթերսի մեջ ա պահում»: