Զինծառայողի մահվան համար մեղադրվող երկու զինծառայողները կալանավորվել են
Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում դեկտեմբերի 10-ին մահացած զինծառայող Վանիչկա Հովակիմյանին ինքնասպանություն հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված երկու զինծառայողները կալանավորվել են: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ՊՆ քննչական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, 19-ամյա Շմավոն Կուրեղյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 359-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` «զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում՝ զենք կամ առողջությանը վնաս պատճառելու համար հատուկ հարմարեցված այլ առարկաներ գործադրելով» և 182-րդ հոդվածի 1-ին մասի (շորթում) հատկանիշներով: Իսկ 20-ամյա Պարույր Մկրտչյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 359-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Երկու զինծառայողների նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:
Նախորդող հրապարակումներ`
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեջ կասկածվողներից մեկը ձերբակալվել է, մյուսը փախել զորամասից
Զինծառայողի մահը միջանձնային հարաբերությունների խախտման հետևանք է. ՊՆախարար