ՎիվաՍել-ՄՏՍ-ը 60 նոր բազային կայան է տեղադրել
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ցանցի ընդարձակման և արդիականացման ծրագրի շրջանակներում, հանրապետության տարածքում տեղադրել է 60 նոր բազային կայան (30-2G/երկրորդ սերունդ և 30 3G/երրորդ սերունդ): Այս մասին տեղեկացնում են ընկերության լրատվական ծառայությունից:
Բազային 2 կայան տեղադրվել է Ավան, 4-ը՝ Շենգավիթ, 4-ը՝ Նորք Մարաշ, և 6-ը՝ Աջափնյակ վարչական շրջաններում: Բազային 14 կայան է տեղադրվել Արարատի մարզի Սիս, Արաքսավան, Նոր Խարբերդ, Հովտաշատ, Զանգակատուն, Արևաբույր, Արբատ գյուղերում, և 2 կայան՝ Մասիս քաղաքում: Բազային 14 կայան տեղադրվել է Արմավիրի մարզի Նոր Արտագերս, Արգավանդ, Երվանդաշատ, Մարգարա, Մրգաշատ, Ալաշկերտ ու Քարակերտ գյուղերում, և 2 կայան՝ Էջմիածին քաղաքում:
Բացի այդ՝ բազային 4 կայան է տեղադրվել Սյունիքի մարզի Շաքի ու Լոր գյուղերում, 2-ական կայան՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում եւ Վայոց Ձորի մարզի Հորբատեղ գյուղում, ինչպես նաև 2-ական կայան՝ Կոտայքի մարզի Բալահովիտ ու Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղերում: Քարակերտ, Նոր Ամանոս, Լոր, Հորբատեղ ու Զանգակատուն գյուղերում բազային նոր կայաններ տեղադրելու արդյունքում նշված գյուղերի բնակչությանը հասանելի են դարձել 2G և 3G ձայնային և տվյալների փոխանցման առավել բարձրորակ ծառայությունները: Մնացյալ բազային կայանները տեղադրվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարժական ցանցի հնարավորություններն ու թողունակությունն ավելացնելու նպատակով:
«Բազային կայանների տեղադրման մասին որոշում կայացնելիս ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի առաջնորդվում բացառապես ներդրումների վերադարձելիության (Return on Investment) չափանիշներով: Կայանների տեղադրումը և շարժական կապի ձայնային ու ինտերնետ հասանելիության ծառայությունների ապահովումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար առաջնային խնդիրներ են, քանի որ կապի ենթակառուցվածքի առկայությունը սոցիալական և ռազմավարական հարց է: Որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր, ՎիվաՍել-ՄՏՍ-ը վճռական է ապահովելու փոքր բնակչություն և ծառայությունների սպառման փոքր հեռանկարներ ունեցող ամենահեռավոր շրջանները` շարժական կապի ձայնային և ինտերնետ հասանելիության ամենանորարարական ծառայություններով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Ցանցի ընդարձակման և արդիականացման ծրագրի շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ընթացիկ տարվա սկզբից առայսօր Հայաստանի մարզերում տեղադրել է երրորդ սերնդի 186 նոր 3G և երկրորդ սերնդի (2G) 77 նոր բազային կայան: Ընդհանուր առմամբ երկրով մեկ տեղադրվել է 263 բազային նոր կայան: Ծրագրի շրջանակներում 2G կայանները արդիականացվել են ձայնային ծառայությունների, իսկ 3G կայանները՝ տվյալների փոխանցման հնարավորությունների ընդլայնման և թողունակության ավելացման կտրվածքով:
Ցանցի արդիականացման, վերազինման և ընդլայնման աշխատանքները շարունակվում են: Նախատեսվում է մինչև տարեվերջ տեղադրել հավելյալ 90 նոր բազային կայան:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան