Վլադիմիր Եվսեև. Ռուսաստանը և Թուրքիան չեն ցանկանում ղարաբաղյան պատերազմի վերսկսում
«Ռուս-բելառուսական ռազմավարական հարաբերությունների կառուցումը բելառուս ժողովրդի քաղաքակրթական ընտրությունն է և մենք շարունակելու ենք համագործակցել Ռուսաստանի հետ նաև հետագայում: Եթե Հայաստանը ռազմավարական հարաբերություններ է կառուցում Ռուսաստանի հետ, ապա Հայաստանը Բելառուսի համար նույնպես դառնում է քաղաքակրթական և ռազմավարական դաշնակից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հայ-բելառուսական հարաբերություններին՝ ՀՀ-ի Մաքսային միությանը անդամակցելու որոշման ենթատեքստում ասաց Բելառուսի Եվրոպական ինտեգրացիայի կենտրոնի տնօրեն Յուրի Շևցովը:
Նա նշեց, որ Բելառուսը փոքր երկիր է և Մինսկը ցանկանում է, որպեսի Հարավային Կովկասի տարածաշրջանում լինի խաղաղություն: «Մինսկը ժամանակին դարձել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևավորման, այսինքն խաղաղության և անվտանգության ամրապնդման վայր»,-նշեց Յ. Շևցովը:
Իր հերթին, ՌԴ Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեևը անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին նշեց, որ Թուրքիան ժամանակին աջակցել էր Սիրիայի ազատ բանակին, սակայն այսօր Սիրիայի ազատ բանակը քայքայվում է և Անկարային ձեռնտու չէ աջակցել ծայրահեղականներին: «Հայ-թուրքական սահմանի փակ լինելը չի խանգարում հայ-թուրքական ապրանքաշրջանառությունը՝ Վրաստանի սահմանով»,-նշեց Վ. Եվսեևը:
Նրա խոսքերով, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան հետաքրքված չեն Ղարաբաղում պատերազմի վերսկսմամբ:
«Եթե Ղարաբաղում պատերազմ է սկսվում, ապա պատերազմի մեջ են ներքաշվում նաև Թուրքիան և Ռուսաստանը, այսինքն սկսվում է տարածաշրջանային պատերազմ»,-հավելեց Եվսեևը: