Ադրբեջանում ձերբակալվել է ընտրությունների ժամանակ լայնածավալ խախտումներ բացահայտած իրավապաշտպան Մամադլին
Ադրբեջանում Ընտրական Մոնիթորինգի ու Ժողովրդավարության Ուսումնասիրության Կենտրոնի տնօրեն Անար Մամադլին ձերբակալվել է:
Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ի եվրոպական ծառայությունը:
Դեկտեմբերի 16-ին ոստիկանությունը հարցաքննել է Անար Մամադլիին՝ հարկերից խուսափելու և անօրինական բիզնես գործունեություն ծավալելու մասին մեղադրանքներով:
Նա նախնական երեք ամիս կալանքի տակ է գտնվելու: Ընտրական Մոնիթորինգի ու Ժողովրդավարության Ուսումնասիրության Կենտրոնն այս տարի ուսումնասիրել էր Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները և բացահայտել լայնածավալ խախտումներ և կեղծիքներ՝ թե քվեարկության և թե ձայների հաշվարկի ընթացքում:
Ըստ նրա աջակիցների՝ Մամադլին Ադրբեջանում քաղաքացիական հասարակության կարևոր դերակատարներից է և Ադրբեջանի իշխանությունները տարիներ շարունակ փորձում էին լռեցնել նրան և նրա ընտրական դիտարկման կենտրոնը:
Մամադլիի ձերբակալությունը տեղի է ունեցել՝ ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունթեր Օթինգերի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի Ադրբեջան կատարելիք այցից մեկ օր առաջ:
Դեկտեմեբրի 17-ին, նախատեսվում է, որ նշված երկու պաշտոնյաները մասնակցելու են գազամուղի բազամամիլիարդանոց գործարքի ստորագրմանը:
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները հայտարարել էին, որ Հեյգի ադրբեջանական այցի հիմնական նպատակը «Անդրադրիատիկ» գազատարի ( ТАР, Тrans Adriatic Pipeline) նախագծի վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը մասնակցելն է:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա