ՀԲ-ն Հայաստանի կրթության համակարգում բարեփոխումների վերաբերյալ վերլուծություն է կատարել
Համաշխարհային բանկը, վերլուծություն է կատարել Հայաստանի կրթության համակարգի վերջին տարիներին իրականացված բարեփոխումների վերաբերյալ և հրապարակել ուսումնասիրություն կրթական որակավորումների մասին: Այս մասին տեղեկացնում է ԿԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Մասնավորապես, ՀԲ պաշտոնական կայքում ներկայացվել է երկու նյութ, որոնք վերաբերում են բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության և նախադպրոցական կրթության համակարգերի գնահատմանը:
Համաշխարհային բանկի անդրադարձում նշվում է, որ կրթական բարեփոխումները ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրեր են, որոնց աջակցություն է ցուցաբերում նաև բանկը: Նախակրթարանների ծրագրի վերաբերյալ նշվում է, որ վերջին մի քանի տարվա ընթացքում Հայաստանի մարզերում ստեղծվել են 275 նախակրթարաններ: Ծրագրում ընդգրկվել են հատկապես գյուղական այն բնակավայրերը, որտեղ դրանց կարիքն առաջնային է եղել և նախկինում տվյալ համայնքները նախադպրոցական ուսումնական հաստատություններ չեն ունեցել: Նորաստեղծ նախակրթարանների գործունեության շնորհիվ ավելացել է երեխաների՝ նախադպրոցական կրթության համակարգում ընդգրկվածության ցուցանիշը, միաժամանակ ապահովվել է շուրջ 600 նոր աշխատատեղ՝ դաստիարակների և մանկավարժների համար: ՀԲ-ն ներկայացրել է նաև ծնողների կարծիքը՝ շեշտելով, որ ծրագրի վերաբերյալ հանրային գնահատականը դրական է:
Բարձրագույն կրթության ոլորտում կատարված բարեփոխումներից ՀԲ-ն շեշտում է, որ ՀՀ բարձրագույն կրթական հասատատություններն ընդլայնել են եվրոպական բարձրագույն կրթական հասատատությունների չափորոշիչների ներառումն ուսումնական գործընթացի մեջ, և մեծ թվով եվրոպական երկրներ Հայաստանի հետ իրականացնում են ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրեր: Այս համատեքստում ընդգծվում է ՀԲ աջակցությունն ուսանողների գնահատման, ուսուցման մեթոդների արդիականացման, ժամանակակից գրադարանների և հետազոտական կենտրոնների ստեղծման աշխատանքներին: Նշվում է նաև, որ մի շարք օտարերկրյա ուսանողներ իրենց գոհունակությունն են հայտնել Հայաստանի բարձրագույն կրթական համակարգից՝ ընդգծելով, որ իրենց երկրները շահագրգռված են խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ բուհական կրթության ոլորտում:
ՀԲ-ն ներկայացրել է նաև միջազգային և տեղական փորձագետների, բարձրագույն կրթության կառավարիչների գնահատականներ, ուսանողների, դասախոսների կարծիքներ՝ բարեփոխումների արդյունավետության վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան