Ւ՞նչ եղան տեղական ձվերը
Ներկրված ձվերը գրավել են շուկայի մեծ մասը, այս պահին ձվի ներկրում իրականացնում է 15 ընկերություն: Թե որ ընկերություններն են զբաղվում ձվի ներկրմամբ, ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայությունը խիստ գաղտնի է պահում, սակայն կան խոսակցություններ, որ ներկրողները հենց տեղական արտադրողներն են:
Սուպերմարկետներում տեղական արտադրողների հավկիթների կողքին հատկապես շատ են հարևան Իրանից ներկրվածները: ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տվյալներով, միայն դեկտեմբերի առաջին 15 օրում տարբեր երկրներից հանրապետություն է ներկրվել 3 մլն 726 հազար 980 հատ սննդային ձու:
Այս թիվն ուշագրավ է այն առումով, որ երբ մոտ մեկ ամիս առաջ գյուղատնտեսության նախարարն այցելեց թռչնաբուծական ֆաբրիկաններ, ընկերությունների ղեկավարները Ս. Կարապետյանին ներկայացրել էին, որ նկատի ունենալով ամանորյա տոների կապակցությամբ շուրջ 16 մլն ձվի լրացուցիչ պահանջարկը, հանրապետության բոլոր թռչնաբուծարաններն էլ ձեռնամուխ են եղել վառեկները ներկրելու միջոցով ածան հավերի թվաքանակի ավելացմանը: Վերջին 2-3 ամիսների ընթացքում հանրապետություն է ներկրվել 373 հազար վառեկ:
Ըստ պաշտոնական հայտարարության, «ներկրված վառեկների 30%-ի ձվատվությունը սկսվել է նոյեմբերից, 60%-ը կձվարկեն դեկտեմբերի սկզբից, ինչի շնորհիվ ընթացիկ տարվա նոյեմբերի 20-ից ձվի օրական արտադրությունը կավելանա 70 հազարով, իսկ դեկտեմբերի սկզբից` արդեն 190-200 հազարով և կհասնի 950-955 հազարի: Դա հնարավորություն կընձեռի օրական սպառումից ավելի քան 200 հազարով ավելի ձու արտադրել, որի շնորհիվ ամբողջությամբ կբավարարվի ամանորյա տոների համար անհրաժեշտ ձվի ողջ պահանջարկը»: Հավկիթ արտադրող ընկերությունների տնօրենները նախարարին տեղեկացրել էին, որ նախատոնական օրերին հավկիթի թանկացում չի սպասվում:
Ձվարտադրության ի՞նչ ցուցանիշներ ունենք այսօր, ինչքանո՞վ են վառեկներն արդարացրել ընկերությունների ղեկավարների ու գյուղանախարարության սպասելիքները, նախարարությունից հիմա չեն պատասխանում, հիմնավորելով` ոլորտի վերաբերյալ թվերը կամփոփվեն մի քանի օրից:
Ընդհանուր առմամբ, ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացմամբ, այս տարվա հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ Հայաստան է ներմուծվել 13 մլն 616 հազար 123 հատ ձու: Ըստ նույն աղբյուրի, հունվարից -դեկտեմբերի 15-ը ներառյալ Իրանից ներկրվել է 5 822 577 հատ ձու, Բելառուսից` 2 253 180 հատ, Բուլղարիայից` 6 762 00 հատ, Թուրքիայից` 713. 333, Ուկրաինայից` 7. 283. 313, Վրաստանից` 17. 343. 103 հատ:
Ուշագրավ է, որ ձվի գնի չբարձրացում խոստացող ընկերությունների ձուն այսօր ավելի թանկ է, քան ներկրվածը: Օրինակ, նախօրեին սուպերմակետներից մեկում արված լուսանկարների համաձայն «Արզնի»-ի ընկերության 30 հատ հավկիթն արժե 2070 դրամ, մինչդեռ Իրանից ներկված 30 հատը` 1950 դրամ: Ստացվում է, որ տեղական մեկ հավկիթն արժե 69 դրամ, իրանականը` 65:
Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալների համաձայն, ձվի հանրապետական միջին գինը 2013թ. նոյեմբերին 2012թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում աճել է 30.0%-ով, իսկ 2013թ. հոկտեմբերի համեմատ` 0.1%-ով: Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2013թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է ձվի 0.3-6.6% գնաճ, իսկ Երևան և Դիլիջան քաղաքներում` համապատասխանաբար 1.3% և 0.2% գնանկում:
Նախորդող հրապարակումներ`
Ձու ներկրելու թույլտվություն ունեցող ընկերությունների թիվը մեկ ամսում եռապատկվել է
Նախորդ տարի Հայաստան ոչ մի հատ ձու չի ներկրվել
Կերը թանկացել է. Ձու արտադրողների պատճառաբանությունը` ՏՄՊՊՀ-ին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները