«Գազի գինը». Պատգամավորները մեղադրում են կառավարությանը հանցագործ լռության համար
Համաձայնագրերը, նաև Գազպրոմին «ՀայՌուսգազարդի» բաժնեմասի 20 տոկոսը վաճառելու մասով արդեն ներկայացված են խորհրդարանին: Ազգային Ժողովում ընթացող խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին հայտարարեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Պատգամավորներին ներկայացնելով այն ընթացքը, որի ժամանակ գոյացել է 300 մլն գազի պարտք, որի դիմաց էլ վաճառվում է 20 տոկոսը, Ա.Մովսիսյանը պատասխանեց նաև նրանց հարցերին: Մասնավորապես, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կառավարության գործողությունները որակեց հանցագործ, քանի որ, նրա խոսքով, 2011-13թ-ին ռուսները երկու անգամ գազի գին են բարձրացրել, բայց իրենք այդ մասին ոչինչ չեն իմացել.
«Իսկ հիմա դուք ստիպված եք եղել վաճառել հանրային սեփականությունը հանդիսացող այդ 20 տոկոսը, այսինքն կատարվել են բազմաթիվ խախտումներ մի շարք օրենքներում: Կարող եք բացատրել, թե ինչպե՞ս հանդուրժենք այս հանցագործ կառավարությանը»,- հետաքրքրվեց Լ.Զուրաբյանը` ակնարկելով նաև այն, որ մինչ այսօր գազի վերաբերյալ կառավարությունը խորհրդարանին չի դիմել, իսկ հիմա ահա համաձայնագրեր է բերել:
Էներգետիկայի նախարարն արձագանքեց` ԱԺ պետք է հարցը ներկայացնել միայն այն ժամանակ, երբ ձևավորված կլիներ ինչ-որ թվի մեծություն, որը պարզ չէր և պարզ դարձավ միայն այսօր. «Այն գազը, որ էժան ենք հաշվարկել սակագները, դրանից ժողովուրդն է օգտվել: Կառավարությունը ոչ մի հանցագործություն չի կատարել»,- նշեց նա ու ավելացրեց` ԱԺ-ի համար նոր է խնդիրը բացվել և ըստ այդմ էլ կառավարությունը հարցը ներկայացրել է Ազգային Ժողով:
Լ.Զուրաբյանին չբավարարեց ներկայացված պատասխանը և նա պնդեց` հանցագործություն չի արդյո՞ք, երբ Հայաստանի բյուջեի 5 տոկոսի չափով ծախս եք արել. «Մենք ինչու պետք է հիմա պատասխան տանք ԱԺ-ի կողմից չարտոնված ծախսերի համար»,- հավելեց իր խոսքը ՀԱԿ խմբակցության ղեկավարն, իսկ նախարարն էլ արձագանքեց, թե բյուջեի վրա ոչ մի ծախս չի երևացել, նոր է երևում և ներկայացվել է հարցը Ազգային Ժողով:
Նույնաբովանդակ հարց նախարարին ներկայացրեց նաև ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը` մեղադրելով կառավարությանը նրանում, որ կառավարությունը գաղտնի է պահել խորհրդարանից այն, որ նման հսկայական պարտք է գոյանալու և ինչու պետք է հիմա իրենք քննակեն հարցը, երբ ամեն ինչ հասել է նման իրավիճակի: