Ն.Զոհրաբյան. ՍԴ-ին ուղղված դիմումն արդեն փոխանցել ենք
Նախօրեին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ու ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը անհրաժեշտ 36 ստորագրությունն ու Սահմանադրական դատարանին ուղղված դիմումը հանձնել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Այս մասին Panorama.am-ին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` նշելով, որ ՍԴ դիմելու համար բավարար էր 27 ստորագրություն:
«Կարգն է այդպիսին` փոխանցել ԱԺ նախագահին, ով մեր ներկայությամբ ստորագրություններն ու դիմումը հանձնեց ԱԺ քարտուղարություն, որն էլ 24-ժամյա ընթացքում դրանք կփոխանցի Սահմանադրական դատարան»,- տեղեկացրեց պատգամավորը:
Նա նաև նշեց, որ այսօր ժամը 12.30-ին քաղաքական չորս ուժերը երթով կշարժվեն դեպի Սահմանադրական դատարան, որին կհանձնեն համատեղ կոչը:
Հիշեցնենք, որ ԱԺ չորս խմբակցությունները` ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ և «Ժառանգություն», նախաձեռնել էին ստորագրահավաք, որպեսզի հնարավոր լինի դիմել Սահմանադրական դատարան` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ օրենքի սահմանադրականությունը պարզելու համար: