Հայաստանում ներմուծվում են այլընտրանքային խափանման միջոցներ, նաև` տնային կալանք. Թովմասյան (տեսանյութ)
Հայաստանի քրեական դատավարության նոր օրենսգիրքը, որն այժմ շրջանառության մեջ է դրվել Ազգային ժողովում, ավելացնում է խափանման միջոցների տեսականին և, որպես խափանման միջոց ներմուծվելու է օրինակ, տնային կալանքը, վարչական հսկողությունը: Այդ մասին այսօր քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
«Դրանց ներմուծվելուց հետո մենք էականորեն կբեռնաթափենք քրեակատարողական հիմնարկները: Վերջին պարագայում, եթե մյուս խափանման միջոցներն այլևս կիրառելի չեն, նոր կկիրառվի կալանք», -հավելեց Թովմասյանը:
Նրա ներկայացմամբ, քրեական դատավարության օրենսգիրքը ժամանակին և այսօր էլ Հայաստանի իրավական համակարգի գլխավոր ու առանցքային իրավական ակտերից մեկն է և մեծ դեր է ունեցել իրավական համակարգի կայացման հարցում: Սակայն ժամանակն ու զարգացումները, նախարարի խոսքով, ստիպում են փոփոխություններ կատարել ու նոր կարգավորումներ տալ մի շարք ինստիտուտների գործունեությանը:
Նոր օրենսգիրքը նաև օգնելու է, որպեսզի մեղադրյալի ինքնախոստովանական ցուցմունքով չհիմնավորվի մեղադրանքը և բացի այդ, ըստ նախարարի, նոր օրենսգրքով բարձրացվում է դատարանի դերը: «Այսինքն` կոնկրետ քրեաիրավական որակումը տվյալ արարքի, անկախ այն հանգամանքից թե ինչ է բերվել դատարան, դատարանն է անում»,- հստակեցրեց Թովմասյանը և վստահեցրեց, որ այս փոփոխությունների պարագայում առաջիկա տարիներին կփոխվի իրավիճակը քրեական դատավարության ոլորտում:
Քրեական դատավարության նոր օրենսգրքում տեղ գտած և ամբողջությամբ նորամուծություն համարվող մեղադրյալների դեպոնացման ինստիտուտի մասին դրույթները, որը առաջացրել էր հատկապես փաստաբանական համայնքի դժգոհությունը, նախարար Թովմասյանի խոսքով, դեռ կարող է փոփոխվել: «Մի մասը գտնում է, որ դեպոնացումը կարող է վտանգել ու բացառապես դա դրվել մեղադրանքի հիմքում, բայց այդ հարցերը պետք է քննարկվեն: Ես հույս ունեմ, որ չեն լինելու վիճահարույց հարցեր», -նշեց Թովմասյանը:
Դեպոնացման ինստիտուտի ներդրման վերաբերյալ նախարարը դրական կարծիք ունի, բայց մասնագետների առաջարկած դրական փոփոխությունները ընդունելի կհամարի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան