Մ. Առաքելյան. Երևանի զարգացման ծրագրում բարեմաղթանքների ոճով արված ցանկություններ են
Երևան քաղաքի զարգացման 2014 թ. ծրագիրը «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը գնահատում է որպես կենացային, բարեմաղթանքների ոճով արված ցանկություններ:
Հիշեցնենք, որ այս կուսակցությունը մասնակցում էր Երևանի ավագանու ընտրություններին, ստացել էր ամենաքիչ ձայները` 2690:
«Եռամյա զարգացման ծրագրով էլ նախատեսված միջոցառումների իրականացման պարագայում 2017-ին էլ ունենալու ենք անհարմար ու բազում խնդիրներ ունեցող քաղաք»,-Panorama.am-ին ասաց կուսակցության քաղխորհրդի անդամը, ընդգծելով, որ հասարակական տրանսպորտի ոլորտում որևէ էական բարեփոխումներ չեն առաջարկվում, մասնավոր գծատերերի, երթուղիների խնդիրը մնալու է, ընդամենը «մի 100-200 միկրոավտուբուս փոխարինվելու են 30-40 ավտոբուսներով»:
Նշենք, որ Երևանի զարգացման հաջորդ տարվա ծրագրում այս առումով հստակ թիվ չկա, միայն ասվում է. «Նախատեսվում է 2014թ. նվազեցնել փաստացի շահագործվող միկրոավտոբուսային երթուղիների քանակը՝ դրանք փոխարինելով ավտոբուսային երթուղիներով»:
Մ. Առաքելյանը հաջորդ կարևոր խնդիրը համարում է վթարային շենքերի առկայությունը:
«Հանուն արդարության նշեմ, որ աշխատանքներ տարվում են այս ուղղությամբ: Բայց, հարցն այն է, որ այսօրվա շենքերի մեծ մասը 10-15 տարի անց լինելու են նույն վիճակում, որում այսօր գտնվում են վթարային շենքերը: Այս ուղղությամբ կանխարգելիչ քայլեր չեն ձեռնարկվում: Նույնը վերաբերում է վերելակային տնտեսությանը, մեծ մասը վթարային վիճակում են»,-ասաց Մ. Առաքելյանը:
Զարգացման ծրագրում ներառված տվյալների համաձայն, ներկայում Երևան քաղաքում առկա է 4-րդ աստիճանի վթարայնության քանդման ենթակա բազմաբնակարան բնակելի 5 և հանրակացարանային 3 շենք՝ 414 բնակարանով։ 2014թ. նախատեսվում է բնակարանային ֆոնդի վթարայնության ուսումնասիրման միջոցառումների վերաբերյալ հայեցակարգի մշակում։
Մասնագիտությամբ տնտեսագետ Առաքելյանը պնդում է, որ մատնանշած խնդիրների լուծման համար քաղաքապետարանը կարող է ունենալ ֆինանսական բավարար միջոցներ, եթե լինի ռեսուրսների արդյունավետ կառավարում:
«Քաղաքապետարանի` մասնավոր հատվածի հետ արդյունավետ համագործակցության քաղաքականությունը մի շարք ոլորտներում ոչ նպատակահարմար է, նույն այս վճարովի ավտոկայանտեղիների դեպքում, մի կողմ թողնենք արդարացված է վճարելը, թե ոչ, քաղաքապետարանը փոքր ներդրումների դեպքում կարող էր մեծ գումարներ հավաքագրել: Չեմ կարծում, որ ներդրումները մեծ կլինեն, հակառակ դեպքում, մասնավորը չէր համաձայնի ծառայություններ մատուցել»,-ասաց նա:
Առաքելյանը ընդգծում է, որ հանկարծ տպավորություն չստեղծվի, թե իրենք առաջարկում են` քաղաքապետարանը բիզնեսով զբաղվի, «բայց այն բարիքները, որ քաղաքապետարանը վճարովի մատուցում է, օրինակ տրանսպորտ, այլ ծառայություններ, հնարավոր է մեծ գումարներ տնտեսել»: Նրա խոսքով, այս պարագայում ոչ միայն եկամուտների հավաքագրման խնդիր է լուծվելու, այլև ռիսկեր են նվազելու:
Կուսակցության ներկայացուցիչն ընդունում է, որ առկա խնդիրները մեկ-երկու տարում լուծել հնարավոր չէ, սակայն պետք է հստակ երկրաժամկետ ռազմավարություն մշակվի ու իրականացվի:
«Առաքելության» ներկայացուցիչն ասաց, որ իրենք այս ու այլ առաջարկություններ նամակով ներկայացրել են քաղաքապետարան, այնտեղից խոստացել են քննարկել:
Նախորդող հրապարակումներ`
87 մլն դրամը` Երևանի դրոշակազարդման աշխատանքների համար Վահագն Խաչատրյանը շռայլություն է համարում
Բախշյան. Մանկապարտեզ ընդունվելու իրենց հերթին սպասող երեխաների կրճատման խնդիր դրված չէ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները