Ծնելիության և մահվան դեպքերը նվազել են, բնական հավելաճի գործակիցը պահպանվել է
Հանրապետությունում առաջին 9՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցվել է 30 477 ծնունդ: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց Ազգային վիճակագրության ծառայության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը և հավելեց, որ նախորդ տարվա համեմատ 1.9 տոկոս նվազում է եղել. 2012-ին ծնվել էր 31 055 երեխա:
«Յուրաքանչյուր հազար բնակչի հաշվով առաջին 9 ամիսների ընթացքում մոտ 14 երեխա է ծնվել»,- ասաց նա: Մասնագետը ներկայացրեց վիճակագրությունն ըստ մարզերի և նկատեց, որ յուրաքանչյուր մարզ ունի բնակչության տարբեր թվաքանակ և ծնունդների քանակը դրանցով տարբերվում են: Երևանում ծնունդների թիվը գերազանցել է 14 թիվը, այստեղ հազար բնակչի հաշվով գրանցվել է 14.5, Արագածոտնի մարզում` 14.4, Կոտայքի մարզում` 14.2 ծնունդ, Արարատի մարզում` մոտ հանրապետական ցուցանիշին: Ծնելիության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Սյունիքի մարզում` 10.5, ապա Տավուշի և Գեղարքունիքի մարզերում:
Ծնունդների հաճախականությունը, ըստ Կոյումջյանի, բավական հետաքրքիր է. «Հունվարին մեծ թիվ է եղել` 3689, փետրվար-մարտ-ապրիլ ամիսներին նվազում է արձանագրվել, հունիսից սեպտեմբերին` աճ: Ամենաշատ ծնունդները գրանցվել են սեպտեմբերին`4158»:
Նշենք, որ ծնելիության շուրջ 2/3-ից ավելին բաժին է ընկնում 20-29 տարեկան կանանց: Ծնելիության գումարային գործակիցը, որը նկարագրում է պտղաբերությունը ողջ վերարդադրողականության տարիքի ընթացքում մեզ մոտ կազմել է 1.6, դեռ 2-ի չի հասնում մեկ կնոջից ծնված երեխաների քանակը: «Պարզ վերարտադրության համար անհրաժեշտ է, որ, գործակիցների լեզվով ասած, կինը երկուսից մի քիչ էլ ավելի երեխա ունենա, որ երեխա չունեցողների տեղն էլ լրացվի»,- ասաց Կարինե Կոյումջյանը:
Մահացության ցուցանիշում որոշակի նվազում է եղել: Հանրապետությունում առաջին 9 ամիսներին գրանցվել է 20268 մահվան դեպք` նախորդ տարվա 20898 դեպքի համեմատ: Մանկական մահացության դեպքերը նվազել են շուրջ 13 տոկոսով, տարեկան կտրվածքով 0-1տարեկանների համար 303 մահվան դեպք է գրանցվել:
«Յուրաքանչյուր հազար մարդու համար մահացել է 9 մարդ: Թեև ծնելիության ցուցանիշները նվազել են, սակայն, քանի որ մահվան ցուցանիշը ևս նվազել է, բնական հավելաճի գործակցի նվազում չի եղել: Բացարձակ ցուցանիշը կազմել է 10 209` նախորդ տարվա 10 157-ի համեմատ: Հազար բնակչի հաշվով մեր բնակչությունն ավելացել է 5 մարդով: Բացարձակ ցուցանիշը միշտ հաշվվում է հազար բնակչի հաշվով, ըստ որի1,9 տոկոսով նախորդ տարվա համեմատ աճել է ծնելիությունը, 3 տոկոսով նվազել են մահվան դեպքերը: Խոսքը բնակչության բնական աճով փոփոխությունների մասին է»,- ասաց Կարինե Կոյումջյանը:
Հանրապետությունում ինը ամիսների ընթացքում 13 473 ամուսնություններ են գրանցվել` նախորդ տարվա 13 828-ի համեմատ, 2.6 տոկոսով նվազում է արձանագրվել: Նույն ժամանակահատվածի համար գրանցվել է 2668 ամուսնալուծություն` նախորդ տարվա 2535-ի դիմաց: