Էվելին Ֆարկաս. Իմ այցելությունը Երևան միտված է պաշտպանական ոլորտում համագործակցության առավել ամրապնդմանը
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Եվրասիայի հարցերով ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասին։
ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ողջունելով հյուրին նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ հայ-ամերիկյան գործընկերությունը տարբեր բնագավառներում, ներառյալ պաշտպանական և անվտանգության ոլորտը, վերջին տարիներին դինամիկ կերպով զարգանում է, և առկա են նախադրյալներ դրանց ընդլայնման համար։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էվելին Ֆարկասն ասել է, որ Միացյալ Նահանգները կարևորում են Հայաստանի հետ պաշտպանական բնագավառներում փոխգործակցության զարգացումը, և իր այցելությունը միտված է դրա առավել ամրապնդմանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի մասնակցությանը միջազգային խաղաղապահ գործունեությանը, և կարևորվեց Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղապահ առաքելություններին Հայաստանի ունեցած ներդրումը:
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները։
Արտգործնախարարն անդրադարձել է նաև տարածաշրջանում սպառազինությունների վերահսկման խնդիրներին, մասնավորապես տարածաշրջանային խաղաղության պահպանման համար Եվրոպայում Սովորական սպառազինությունների պայմանագրի արդիականացման կարևորությանը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծել է, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է զանգվածային ոչնչացման զենքի, միջուկային, քիմիական և կենսաբանական զենքի չտարածման, ահաբեկչության դեմ պայքարի միջազգային նախաձեռնություններին:
Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։
Նախորդող հրապարակում`
Հայաստան կժամանի ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի օգնականը