Հայաստանում բացվել է PCD-ի մասնաճյուղը, որն առաջինն է Կովկասում
PCD-ի (Պաթոլոգիայի, բջջաբանության զարգացում հասարակական կազմակերպություն) լիազոր անդամ Այծեմնիկ Ասատրյանն արդեն չորրորդ տարին է, ինչ համակարգում է «Հայ–ֆրանսիական համագործակցություն ուռուցքաբանության բնագավառում» ծրագիրը, որի մասին տեղեկացված են թե՛ Հայաստանում, թե՛ Ֆրանսիայում։ 2013թ. ապրիլի 17-ին Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրը գրանցել է PCD Հայաստանի մասնաճյուղը՝ առաջինը Կովկասում:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը PCD Հայաստանի մասնաճյուղի նախագահ Այծեմնիկ Ասատրյանի հետ քննարկել է առաջիկա համագործակցության հեռանկարները։
Այծեմնիկ Ասատրյանը ներկայացրել է, որ PCD հայաստանյան մասնաճյուղը կշարունակի ծրագրերը ուռուցքաբանության ոլորտում` խորացնելով և ընդլայնելով մինչև այժմ իրականացված ծրագիրը, որի շրջանակներում Ուռուցքաբանության ազգային կենտրոնին նվիրաբերվել են հյուսվածքաբանական և բջջաբանական հետազոտությունների ավտոմատ սարքավորումներ, լաբորատոր այլ սարքեր, վերապատրաստվել են մասնագետներ, ինչի արդյունքում կենտրոնում զգալիորեն բարելավվել է ախտորոշման որակը:
PCD հայաստանյան մասնաճյուղն առավել ընդլայնված գործունեություն կիրականացնի` իր ծրագրերում ընդգրկելով նաև Լոռու մարզը։
Այծեմնիկ Ասատրյանը նախարար Դումանյանին մանրամասներ է ներկայացրել 2014-2018թթ. PCD-ի կողմից Հայաստանում ուռուցքաբանության, գինեկոլոգիայի, ինչպես նաև լաբորատոր ախտորոշման ոլորտներում մասնագետների վերապատրաստման ուղղությամբ իրականացվելիք ծրագրերի մասին։
«Հասարակական մեր կազմակերպությունը նաև ֆրանսիական կազմակերպությունների համար որպես միջանցք կծառայի Հայաստանում ուղղակի գործունեություն ծավալելու համար»,- ասել է Ա.Ասատրյանը։
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ժան-Միշել Գասպարյանը հավելել է, որ դեսպանությունը կաջակցի մարդասիրական այդ ծրագրերին:
Միաժամանակ կարևորվել է այդ ծրագրերի ներգրավումը նախարարության ընդհանուր քաղաքականության մեջ:
Ողջունելով Հայաստանում PCD-ի ներկայությունն ու նախանշվող ծրագրերը` Դերենիկ Դումանյանը շեշտել է, որ նախարարությունը մշտապես սատար կկանգնի PCD-ի մարդասիրական ծրագրերի իրականացմանը։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը։