Sabah. Հայ-թուրքական սահմանի բացումը չպետք է կապել Ղարաբաղի հարցի հետ
Հայ-թուրքական չկարգավորված հարաբերությունները, ցյուրիխյան արձանագրությունների սառեցված գործընթացը և չլուծված ղարաբաղյան հիմնախնդիրը դիտարկել է թուրքական «Սաբահ» թերթի` Վաշինգտոնում գտնվող թղթակից, վերլուծաբան Օմեր Թաշփընարը:
«Հայաստանի հետ նոր շրջա՞ն» վերտառությամբ հոդվածում Թաշփընարը նախ` հիշեցնում է 2009-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների պատմությունը, թե ինչպես առկախվեց դրանց վավերացման գործընթացը: Հիշեցնում է, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբաման 2008-ի նախագահական քարոզարշավի ժամանակ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստումներ էր տալիս: Նախագահ ընտրվելուց հետո Օբաման պետք է մտածեր մի լուրջ պատճառ, որը հնարավորություն կտար իրեն խուսանավել Ցեղասպանության ճանաչումից: Եվ ահա դա, ըստ թուրք վերլուծաբանի, եղավ հենց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների գործըթնացը: Դրանով Սպիտակ տունն արդեն ապահովեց իր պատճառաբանությունը. Ցեղասպանության ճանաչումով չմիջամտել ու չխանգարել կարգավորման գործընթացին:
Բայց ինչպես հետո պիտի երևար, Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չհաստատվեցին, սահմանները չբացվեցին, արձանագրություններն էլ չվավերացվեցին: Պատճառը հոդվածի հեղինակի կարծիքով այն էր, որ Թուրքիան տեղի տվեց Ադրբեջանի կոշտ արձագանքին և հետքայլ կատարեց:
«Անկարան սեղանին դրեց արձանագրություններում գոյություն չունեցող նախապայման` 20 տարի ձգձգվող Ղարաբաղի հարցի լուծումը: Երևանը, բնականաբար, չընդունեց այդ նոր պայմանի առաջքաշումը և արձանագրությունների վավերացման գործընթացը Ղարաբաղի հարցի նման դրվեց սառնարանում»:
Անցել է արդեն 4 տարի ու ոչ մի նոր քայլ չի կատարվել խնդրի լուծման ուղղությամբ: Հոդվածագիրը նկատել է տալիս, որ դա արդեն անհանգստացնում է Վաշինգտոնին, քանի որ մոտենում է 2015 թվականը` Ցեղասպանության հարյուրամյակը: Սպիտակ տան և Կոնգրեսի վրա ավելանալու են Հայոց ցեղասպանության ճանաչման ճնշումները: Ահա թե ինչու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերակենդանացումը կարևոր դարձել ԱՄՆ-ի համար:
Թաշփընարը նշում է, որ Թուրքիային ևս դա ձեռնտու կլինի, քանի որ, Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելով, ըստ էության կկարողանա ուժեղացնել իր կշիռը տարածաշրջանում և որոշակիորեն կանխել 2015-ին սպասվող հակաթուրքական արշավները: Եվ ահա նման իրավիճակում Թուրքիայի արտգործնախարարը երևանյան այց է կատարում, հանդիպում հայ գործընկերոջ հետ: Թուրք վերլուծաբանը փորձում է հասկանալ, թե ինչ օգուտ կլինի այդ երկխոսությունից: Նա անարդյունավետ է համարում Անկարայի այն դիրքորոշումը, թե հայ-թուրքական սահմանը կբացվի, դիվանագիտական կապեր կհաստատվեն, եթե հայկական զորքերը դուրս բերվեն Ղարաբաղին հարակից շրջաններից գոնե 2-ից:
«Եթե Անկարան իրոք ուզում է արդյունք ստանալ, պետք է մի բան հստակ հասկանա. Հայաստանն արդեն մեծ զիջում է արել, երբ պատրաստակամություն է հայտնել առանց ցեղասպանության հարցը նախապայման դնելու կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները: Հայկական սփյուռքը հենց այդ պատճառով էր բարկացել Երևանի վրա: Եթե Հայաստանը ցեղասպանության հարցը նախապայման չի դնում, ուրեմն Երևանը երբեք չի կարող ընդունել Թուրքիայի կողմից Ղարաբաղի նախապայմանը»,- գրում է Թաշփընարը:
Թուրքիայի իշխանություններին նա խորհուրդ է տալիս հայ-թուրքական սահմանի բացումը չկապել ղարաբաղյան խնդրի հետ, այլապես հայ-թուրքական երկխոսությունը զուտ «կոսմետիկ բնույթ» կունենա:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան