Հայ միգրանտները երբեմն նաև որպես ադրբեջանցի են ներկայանում. Տ.Բեժանյան
«Հստակ տեղեկատվություն և հստակ բազա միգրացիայի վերաբերյալ չկա, անգամ համապատասխան ծառայությունը տեղեկատվություն չունի, թե քանի միգրանտ է մեկնել և քանիսն է նրանցից վերադարձել»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության միգրացիոն ծրագրերի ղեկավար Տաթևիկ Բեժանյանը:
Նրա խոսքով, ամենից շատ` մեկնողների 73.1 տոկոսը, մեկնում են ՌԴ, 7.9 տոկոսը ԱՄՆ, 4.4 տոկոսը Ուկրաինա: Եվրոպական երկրներ մեկնողների թիվը ցածր է, քանի որ կա վիզայի խնդիր:
Տիկին Բեժանյանը նշեց` միգրանտները նաև վերադառնում են և հետաքրքիրն այն է, որ վերադառնալուց հետո շատ ավելի հեշտ են վերաինտեգրվում նրանք, ովքեր մեկնել են որպես աշխատանքային միգրանտ քան նրանք, որ մեկնել էին որպես փախստական, ովքեր դժվարությամբ են վերաինտեգրվում:
Հղում անելով վիճակագրական ծառայության տվյալներին, տիկին Բեժանյանը տեղեկացրեց, որ 2013թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից մեկնածներից 108.005 քաղաքացի այդպես էլ չի վերադարձել:
«Ամենամեծ խնդիրը, որ գոյություն ունի այս ոլորտում, իրազեկվածության պակասն է: Մարդիկ երբեմն ոչ մի տեղեկություն չունեն այն երկրից, ուր մեկնում են, անգամ չգիտեն, որ, օրինակ, ՌԴ-ում օրինական կարող են մնալ 90 օր, և եթե համապատասխան փաստաթղթերը չձևակերպեն, ապա դրանից հետո դառնում են անօրինական միգրանտ»,- տեղեկացրեց Տ.Բեժանյանը:
Ի դեպ, նա նաև տեղեկացրեց, որ ՌԴ միգրացիոն ծառայության պաշտոնական էջում հատուկ բաժին է բացվել, որտեղ անձնական տվյալները զետեղելով կարելի է տեսնել` արդյո՞ք տվյալ անձի մուտքը ՌԴ արգելված չէ և ոչ թե խնդիրներին առերեսվել արդեն ճանապարհ ընկնելուց հետո:
Բանախոսը կրկնեց` ոչ ոք չի կարող կոնկրետ տեղեկատվություն տալ, թե քանիսն են մեկնել ու չեն վերադարձել: Գործընթացը հատկապես բարդանում է, երբ խոսքը եվրոպական երկրներին է վերաբերում, քանի որ շատ դեպքերում մեր քաղաքացիները, հանձնվելով փախստականների համար նախատեսված ճամբարներ, կորցնում են իրենց փաստաթղթերը, ինչ-որ լեգենդներ հորինում իրենց ազգության մասին, ներկայանում որպես այլազգի, իսկ երբեմն նաև որպես ադրբեջանցի…. Տ.Բեժանյանը շեշտեց. «Ադրբեջանցի ներկայանալու դեպքերը իհարկե քիչ են, բայց կան»:
Հիշեցնենք, որ այսօր նշվում է Միգրանտների միջազգային օրը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում