Վարդան Պետրոսյանը մեքենան վարել է արագ, եղել է ոչ սթափ վիճակում. Մանրամասներ տուժող կողմից (տեսանյութ, լուսանկարներ)
Հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհին տեղի ունեցած վթարի մասնակից դերասան Վարդան Պետրոսյանը մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, իսկ մեքենայի արագությունը եղել է ավել 71կմ/ժամ արագությունից: Այս եզրահանգմանն է եկել նույն վթարից տուժած «Նիվա» մակնիշի վարորդ Արթուր Հակոբյանի ներկայացուցիչ, Փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Բալոյանը:
Փաստաբանը համաձայնեց Panorama.am-ի և Aravot.am-ի թղթակիցների հետ հարցազրույցում ներկայացնել հրապարակման արժանի մի քանի հանգամանքներ:
Նախ պատասխանելով Վարդան Պետրոսյանի կողմից վթարի ժամանակ ալկոհոլ օգտագործած լինելու կամ չլինելու մասին մեր հարցին, Բալոյանը ներկայացրեց, որ առաջին անգամ Պետրոսյանի սթափության վիճակը արտաշնչելու միջոցով ստուգվել է Եղվարդի բժշկական կենտրոնում, որտեղ կազմված արձանագրության մեջ նշվել է, որ Վարդան Պետրոսյանը գտնվում է սթափ վիճակում: Մինչդեռ տուժող կողմի ներկայացուցիչը այդ արձանագրությունը կասկածելի է համարում, քանի որ Վարդան Պետրոսյանն այդ ժամանակ առողջական ծանր վիճակում է եղել և չէր կարող այնքան խորը փչել սթափությունը որոշող գործիքի մեջ` արդյունք ունենալու համար: Եղվարդի բժշկական կենտրոնից երբ Պետրոսյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, այստեղ հերթապահ բժիշկը դերասանի հիվանդության պատմության գրքույկի առաջին էջում նշել է երկու հետևյալ նախադասությունները` «Վարդան Պետրոսյանի բերանից ալկոհոլի հոտ է գալիս», «Վարդան Պետրոսյանի վրայից ալկոհոլի հոտ է գալիս»: Սակայն, փաստաբան Բալոյանի խոսքով, տարօրինակն այն է, որ այս երկու նախադասությունների միջև ուրիշ գրիչով դրված է հարցական 2 նշան: «Հնարավոր չէ, որ տարբեր գրիչներով գրվեն երկու նախադասություններ ու հետո դրվեն հարցական նշաններ», -ասաց փաստաբանը` պնդելով, որ հարցական նշաններն ավելացել են ավելի ուշ: Այդ պատճառով Ռուբեն Բալոյանը միջնորդել է, որպեսզի դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակվի: «Եթե կբավարարվի, ավելի լավ, եթե ոչ, ապա մենք այդ հարցը առաջ կքաշենք դատաքննության ժամանակ: Բայց այն, որ Վարդան Պետրոսյանի սթափ վիճակը մեր կողմից դրվում է կասկած տակ, դա միանշանակ է», -նշեց Ռուբեն Բալոյանը:
Տուժող Արթուր Հակոբյանի ներկայացուցչից հետաքրքրվեցինք նաև Վարդան Պետրոսյանի վարած մեքենայի (BMW մակնիշի) շատ քննարկվող արագության չափի վերաբերյալ: Ռուբեն Բալոյանը նա հերքեց տարբեր լրատվամիջոցներով տարածված տեղեկությունները, թե վթարի ժամանակ Վարդան Պետրոսյանը, ինչպես պարզել է փորձաքննությունը, ընթացել է 71կմ/ժամ արագությամբ: «Փորձագետները նման եզրակացություն չեն տվել: Հստակ կարող եմ ասել փորձագետի եզրակացությունը` Վարդան Պետրոսյանի ավտոմեքենայի նվազագույն արագությունը եղել է 71կմ/ժամ: Փորձագիտական կենտրոններում մենք չունենք համապատասխան մեթոդիկա, որպեսզի հնարավոր լինի ավտոմեքենաների դեֆորմացումներով որոշել ավտոմեքենայի արագության չափը: Դա է պատճառը, որ փորձագիտական եզրակացությամբ նշվել է 71 կմ/ժամից ավելի: Հաշվի առնելով բախումը, ուժգնությունը, որը ակնհայտ երևում է լուսանկարներից նաև, ես կարող եմ ասել, որ Վարդան Պետրոսյանի մեքենան միանշանակ բավականին մեծ արագությամբ է ընթացել, ստույգ ինչքան, չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ այդ արագությունը կարող էր լինել և 72, և 80, և 100, և 120», -շարունակեց փաստաբանը:
Մյուս վիճահարույց հարցը, որ բազմիցս քննարկվում էր, այն էր, որ «Նիվա» մակնիշի մեքենան վթարի պահին հետընթաց կատարելիս է եղել: Բալոյանը այս տեղեկությունը ևս հերքեց և ասաց, որ բախումը տեղի է ունեցել հողածածկ գոտում, այլ ոչ թե ճանապարհի վրա, երթևեկելի մասում, ինչպես պնդում է պաշտպանական կողմը:
Պարոն Բալոյանը մանրամասն, լուսանկարների միջոցով (տեսանյութում առավել մանրամասն է-հեղ.) ներկայացրեց, որ «Նիվա» մակնիշի մեքենային հետևի հատվածից Վարդան Պետրոսյանի մեքենայի բախումն այնքան ուժգին է եղել, որ այն բացի վնասվելուց, կտրուկ շրջվել է: ««Նիվա»-ն եղել է հողածածկ գոտում, և դա անհերքելի փաստ է, ինչը ցույց են տալիս վթարից հետո արված լուսանկարները: Եվ եթե բախումը եղել է հողածածկ գոտում, ապա ինչ կապ ունի, թե ինչ է արել «Նիվան» այնտեղ կամ վարորդը ունեցել է վարորդական վկայական, թե ոչ, կամ սթափ է եղել «Նիվա»-ի վարորդը, թե ոչ: Այդ ամենը վթարի հետ կապ չունի, և ես Արթուր Հակոբյանի գործողություններում որևէ խախտում չեմ տեսնում», -հավելեց փաստաբանը` նկատելով, որ Արթուր Հակոբյանը վթարի ժամանակ եղել է սթափ վիճակում, ունեցել է վարորդական վկայական:
Այս անգամ ևս Բալոյանը վերահաստատեց տուժող կողմի դիրքորոշումը առ այն, որ իրենք Վարդան Պետրոսյանի հետ հաշտության եզրեր չեն տեսնում: Նրա խոսքով, Հակոբյանների ընտանիքում բացի երկու զոհերից, Արթուր Հակոբյանի դուստրը այժմ լավ վիճակում չէ` փշրվել են ոսկորներ ու ոտքի խնձորակները: «Տանն է, անշարժ, անկողնային վիճակում, և բժիշկներն ասել են, որ ժամանակ է պետք, որպեսզի վերականգնվի»,- փոխանցեց տուժող կողմի ներկայացուցիչը:
Նախորդող հրապարակում.
Հաշտություն չի լինելու, և Վարդան Պետրոսյանը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ. Տուժող կողմ
Վ. Պետրոսյանի մասնակցությամբ վթարի ենթարկված «Նիվա»-ի կողային հայելիները բացակայել են. Փաստաբան
Վարդան Պետրոսյանը ցուցմունք է տվել ու ասել , որ հրաժարվում է մասնակցել քննիչ Հակոբյանի քննչական գործողություններին
«Դեռասանն, մեյմունություն է անում». Վ. Պետրոսյանի փաստաբանը ոստիկանապետին խնդրում է պատժել քննիչ Հակոբյանին
Վարդան Պետրոսյանի կալանքի որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարանում կքննվի նոյեմբերի 21-ին
Վարդան Պետրոսյանի կալանքի մասին որոշումը դատարանը ընդունել է խախտումներով. Փաստաբանը թվարկում է դրանք