Ալեքսանդր Մարկարովը ողջունում է ռուսաստանցի համանախագահի ողջամիտ մոտեցումը
«Կարելի է միայն ողջունել այս բանական, ողջամիտ և տրամաբանական մոտեցումը: Այն համապատասխանում է այն մոտեցմանը, որը վերջին տարիներին անընդհանտ ներկայացվել է մեր փորձագիտական և քաղաքական շրջանակների կողմից»,- մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի` նախօրեին Ստեփանակերտում արված այն հայտարարությունը, թե` որոշակի փուլում Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային գործընթաց, panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Փորձագետի կարծիքով, սակայն այս համատեքստում պահպանվում են մի շարք հարցեր, որոնք լուծման և ճշգրտման կարիք ունեն:
«Այնուամենայնիվ, պահպանվում է այն հարցը, թե արդյոք դա անձնակա՞ն կարծիք է, թե՞ համանախագահների միջև կա համաձայնեցված մոտեցում: Եվ ամենակարևորը` պահպանվում է բանակցային գործընթացը ԼՂՀ-ի ներկայացուցիչների հետ շարունակելու համար ադրբեջանական կողմի պատրաստակամության և քաղաքական կամքի առկայության հարցը»,- նշեց Ալեքսանդր Մարկարովը: